«Քաղաքացիների ազնիվ պայքարը յուրացնելը ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն». ակտիվիստների հայտարարությունը

ՀՀ նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» անվանումը կրող աղմկահարույց նախընտրական հոլովակի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել քաղաքացիական, բնապահպանական նախաձեռնությունները:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ նախագահի թեկնածու, ներկայիս ՀՀ նախագահ և օլիգարխիկ համակարգի գլխավոր պատասխանատու Սերժ Սարգսյանը հրապարակել է քարոզչական իր տեսահոլովակը:

Տեսահոլովակում անդրադարձ է կատարել Հայաստանում բնապահպանական և այլ քաղաքացիական շարժումներին, մասնավորապես առանց անհարմար զգալու յուրացրել և «սեփականաշնորհել» է Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի և այլ հիմնախնդիրների լուծման համար պայքարող քաղաքացիների ազնիվ պայքարն ու հաջողությունները՝ դրանք վերագրելով իրեն, ներկայանալով որպես հանրային սեփականությունը պաշտպանող ակտիվիստի «թիկունք»:

Մենք գտնում են, որ ՀՀ մի խումբ քաղաքացիների ազնիվ պայքարը յուրացնելն ու սևացնելը՝ սեփական անձին վերագրելով, ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն:

Պետք է արձանագրել և մեկընդմիշտ ընդունել, որ այս հաղթանակները պատկանում են միմիայն ՀՀ օրինապաշտ ու ակտիվ այն քաղաքացիներին, ովքեր մի քանի ամիսներ պայքարելու արդյունքում հաջողություններ են գրանցել՝ ստիպելով օրինախախտ չինովնիկներին վերանայել և փոխել իրենց ապօրինի որոշումները և կայացնել հանրության շահերից բխող որոշումներ:

Ավելորդ չենք համարում հիշատակել նաև, որ ՀՀ գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը նաև 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու, զանգվածային արտագաղթի, խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցող սպանությունները չբացահայտելու և արդարադատություն չիրականացնելու, մեզ պատկանող բնական պաշարները բացահայտ թալանելու, բնության և պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու և համանման այլ հարցերը չկարգավորելու համար անմիջական պատասխանատվություն կրողն է:

Նման իշխանության ու նրա թեկնածուի բարոյական կերպարի մասին թող դատի հանրությունը: Առաջին իսկ առիթը հենց առաջիկա ընտրություններն են»:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային, քաղաքացիական նախաձեռնություն

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»

© Medialab.am

{youtube}_P6Qn280wOw{/youtube}