«Մի բանկա քաղցրահամ օշարակ, մեջը մի քանի հատիկ ընկույզ, որը տակնուվրա արեց բոլորին…». «Ալամեզոն» Բլոգ

21-07-2017
4605 դիտում
«Մի բանկա քաղցրահամ օշարակ, մեջը մի քանի հատիկ ընկույզ, որը տակնուվրա արեց բոլորին…». «Ալամեզոն» Բլոգ

- Առաջինը` դո՛ւ: 

- Ինչի՞ որ ես, հենա դո՛ւ փորձի:

- Չգիտեի, որ դու տենց վախկոտ ես, Վիետնամում ամեն ինչ փորձում էիր: 

- Պա՛հ, թե չէ դու չէի՞ր փորձում: 

- Հա՛, բայց միշտ քեզանից հետո,- իրենը պնդեց սկեսրայրս:

Սկեսուրս հոգոց հանեց ու բանկան քաշեց իր առաջ: 

- Ախր, ոնց որ նավթ լինի: 

- Նավթ չի, Դոմինի՛կ, ընդամենը սիրոպ է` ընկույզի հատիկներով,- մի կերպ ասեցի ես, որովհետև այնքան էի ծիծաղել, էլ չէի դիմանում:

Դոմինիկն ամբողջ ուժերը հավաքեց, բանկայից հանեց ընկույզը, աչքերը փակեց և սկսեց համտեսել.

- Օհո՜, չէի սպասում, որ այսքան քաղցրահամ է: Տարօրինակ է, բայց անհավանական համ ունի: 

Սկեսրայրս հարցրեց. 

-Լա՞վ ես, Դոմինի՛կ, ոչ մի տեղդ չի՞ ցավում: 

- Անկեղծ` համեղ է, Լուսիե՛ն: Ա՜յ քեզ հետաքրքիր բան:

- Տո՛ւր էստեղ,- զգուշորեն բանկան վերցրեց Լուսիենը: 

Այստեղ մի պահ զգաստացա. Լուսիենը շատ էլզասցի է, անգամ ֆրանսիական ուտեստներից շատերը չի սիրում, ո՜ւր մնաց ընկույզի մուրաբան... Փորձեց.

- Անհավանակա՜ն: Չէ՛, բայց անկեղծ` շատ համեղ է: 

Այստեղ անգամ ամուսինս` Ջոն, տեղի տվեց, վերցրեց ու փորձեց: 

- Ո՞նց եք պատրաստում, ո՞նց է հնարավոր ընկույզի մուրաբա:

- Ա՜խ, Դոմինի՛կ, մենք` հայերս, ինչից ասես մուրաբա չենք պատրաստում,- ոգևորված սկսեցի գլուխ գովել,- էլ ընկույզ, դդում, անգամ` սմբուկ… 

Ու սենյակը լցվեց պատմություններով` մեր գյուղի, ընկույզի ծառի, որին պապս չէր թողնում մոտ գնայինք, տատիս ու իմ սևացած մատների մասին, շարվեցին իրար կողքի` ծնողներիս բնակարանում, խառնվեցին թեյի, սուրճի ու ընկույզի մուրաբայի բուրմունքի հետ ու դուրս եկան պատշգամբից զբոսնելու երեկոյան Ստրասբուրգում...

Տունդարձի ճանապարհին մտածում էի` մի բանկա քաղցրահամ օշարակ, մեջը մի քանի հատիկ ընկույզ, որը տակնուվրա արեց ամենահամեղ և հայտնի խոհանոցի ժառանգներին…

Միշտ ընկճվում ենք` մի բուռ երկիր Հայաստան... մի բուռ երկիր, որ ցանկության դեպքում մի մեծ բրենդ կարող է դառնալ իր խոհանոցով…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog