ԱԱՏՄ ղեկավարը կարևորում է Հայաստանում արհմիությունների օր առաջ կայացումը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորում է արհեստակցական միությունների օր առաջ կայացումը։ Կայացած արհմիությունների առկայության դեպքում ԱԱՏՄ-ի և տեսչական այլ մարմինների համար ավելի հեշտ և ինստիտուցիոնալ կլինի աշխատանքային իրավունքների նորմերի նկատմամբ վերահսկողությունը։ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ։

-Աշխատավորների օրվա առիթով էլ ում հետ պետք է զրուցենք, եթե ոչ մի կառույցի ղեկավարի, որին, ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 1-ից պետք է վերապահվի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն։

Սակայն հայտնի է նաև, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ օրենքի ընդունված նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով իրականացնելու վերահսկողություն։ Ինչ ունենք այս պահին աշխատողների իրավունքների խախտումների նկատմամբ վերահսկողության առումով։ Որոնք են լինելու ձեր աշխատանքի հետագա ուղղությունները։

-Շնորհակալություն։ Այս հարցը տարիներ ի վեր մնացել էր վերահսկողությունից դուրս, որի արդյունքում տուժում էին մեր երկրի վարձու աշխատողները, մասնավորապես՝ երբ աշխատանքային իրավունքը խախտվում էր, վարձու աշխատողները, բացի դատարանից, այլ ճանապարհ չունեին, որպեսզի բողոքարկեին կամ իրենց խախտված իրավունքները վերականգնեին։ Վերահսկողության գործիք կիրառող մարմնի բացակայության պատճառով երբեմն ավելի էր բարձիթողի վիճակ ստեղծվել։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական ճանապարհով իրավունքների վերականգնումը շատ ավելի երկարատև գործընթաց է, որի ընտրության ժամանակ աշխատողը կանգնում էր երկընտրանքի առաջ՝ գնալ այդ ճանապարհով, թե ընդհանրապես մոռանալ ու լռել։ Անցած տարվա դեկտեմբերի 4-ին ընդունվեց օրենքը, բայց հաշվի առնելով, որ պետք է նախապատրաստական մի շարք աշխատանք արվեր, մասնավորապես՝ տեսչական մարմնի թվակազմը, գործիքակազմը համալրվեր և այլն, որոշվեց, որ այդ դրույթը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից։ Սա բացառիկ մոտեցում էր, որովհետև տարիներ ի վեր, սկսած այն ժամանակվանից, երբ վերացվեց ընդհանրապես աշխատանքի տեսչությունը, վերականգնվում է այդ լիազորությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։