«Դրամական միջոցները ոչ թե աճել են, այլ նվազել». Բագրատյանի նախընտրական շտաբը պահանջում է հերքում տպագրել

«Դրամական միջոցները ոչ թե աճել են, այլ նվազել». Բագրատյանի նախընտրական շտաբը պահանջում է հերքում տպագրել
«Դրամական միջոցները ոչ թե աճել են, այլ նվազել». Բագրատյանի նախընտրական շտաբը պահանջում է հերքում տպագրել

Ի պատասխան հրապարակված խնայողությունների եւ կարողությունների մասին տեղեկության, նախագահի թեկնածու եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով մեջբերված թվերը:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Բարեկամներ, երեկ, 1in-am կայքը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ իմ դրամական միջոցները աճել են: Սխալ տեղեկատվություն է, դժբախտաբար, դրանք նվազել են: Մեծ գումար չի 27 հազարը, սկզբունքորեն կարող էր աճել, բայց դե… Ստորեւ ներկայցնում եմ կայքին ուղարկած մեր պատասխանը:

«Առաջին լրատվական»-ի հունվարի 20-ի` «Հրանտ Բագրատյանի բանկային խնայողությունները զգալի ավելացել են» հրապարակման առաջին պարբերության` «Առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանի բանկային խնայողությունները 2013թ. հունվարի 1-ին 2012թ. մարտի 1-ի համեմատ ավելացել են 2000 դոլարով` կազմելով 65 հազար դոլար, նաեւ ավելացել է նոր հաշվեհամար` 27 հազար 200 եվրո գումարով» մեջ իրականությանը չհամապատախանող տվյալներ են օգտագործված:

Այլ կերպ ասած ` 2012թ. ապրիլին Հրանտ Բագրատյանը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրել է հայտարարագիր, ըստ որի նրա խնայողությունները կազմել են 63 հազար դոլար եւ 27 հազար 200 եվրո: Այս`2013թ. նախագահական ընտրությունների համար որպես թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը ներկայացրել է հայտարարագիր, համաձայն որի թեկնածուի դրամական միջոցները հայտարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում են 65 հազար դոլար (տես`elections.am կայքի համապատասխան բաժինը):

Հրանտ Բագրատյանը նոր հաշվեհամար չի բացել եւ, դժբախտաբար, նախկինում հայտարարագրված` 27 հազար 200 եվրոն այդ ժամանակամիջոցում ծախսվել է: Այսպիսով, լրատվամիջոցի կողմից բերված տեղեկությունները Հրանտ Բագրատյանի խնայողություների աճի մասին ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ տեղի է ունեցել ճիշտ հակառակը: ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը պահանջում հերքում հրապարակել եւ ակնկալում է, որ հետայսու այս պատասխանատու օրերին լրատվամիջոցը օբյեկտիվություն կցուցաբերի:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ»:

© Medialab.am