«Այս պահին դեռ վաղ է ասել, թե ի´նչ զարգացումներ կլինեն առաջիկայում և թե սա նահանջ է կամ ոչ». Ռուբեն Մեհրաբյան

16-10-2017
4326 դիտում
«Այս պահին դեռ վաղ է ասել, թե ի´նչ զարգացումներ կլինեն առաջիկայում և թե սա նահանջ է կամ ոչ». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

-Պարո´ն Մեհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում Սարգսյան-Ալիև հանդիպումը և դրան հաջորդած Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։ Արդյոք երկար դադարից հետո երկու նախագահների հանդիպումը տարբերվո՞ւմ էր նախորդ հանդիպումներից, և արդյոք սա կարելի է անվանել բանակցություն, ինչպես նշել են համանախագահները։

-Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո սա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն էր։ Այո´, ֆորմալ առումով սա կարելի է կոչել բանակցություն, որովհետև, այդուհանդերձ, հանդիպում է տեղի ունեցել և պետք է ասել, որ նախորդ հանդիպումներից տարբերվեց իր մթնոլորտով։ Դատելով տարածված հաղորդագրությունից, նաև պաշտոնական լուսանկարներից` պետք է ասել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ դրական մթնոլորտ այդ ամենում կար։ Դա երևում է նաև հանդիպմանը հաջորդած Մինսկի խմբի հայտարարությունից և Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե՝ ճիշտ է, ինչ վերաբերում է բանակցությունների առարկային, այդ հարցում պայմանավորվածություններ չկան, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսպիսի քննարկումները շարունակվեն նաև ԱԳ նախարարների մակարդակով, և նաև պայմանավորվածություն կա, որ արվեն քայլեր, որոնք կնվազեցնեն մահվան դեպքերը դիմակայության գծում։ Կարելի՞ է սա համարել դրական զարգացում այս պահի դրությամբ, իհարկե կարելի է, սակայն թե որքանո´վ այս դրական մթնոլորտը, այս դրական միտումը կշարունակվի, կապրենք` կտեսնենք։ Ի վերջո, մենք այս ամենը տեսնում ենք, ինչպես ասում են, «ստոպ կադրում», բայց թե որքանո´վ սա կվերածվի գործընթացի, դժվար է այս պահին ասել։

- Մենք տեսնում ենք, որ մթնոլորտը դրական է եղել, նախագահների տրամադրությունը բարձր է եղել, բայց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումների ժամանակ, կարծեք թե երկրորդ պլան է մղվել։ Խոսքը շփման գծում վերահսկողական մեխանիզմների տեղադրման նախապայմաններին է վերաբերում։ Սա նահանջ չի՞ դիտարկվում։

- Փաստ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին գոնե համանախագահների հայտարարության և Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ չկա: Համարե՞լ սա նահանջ, թե ոչ. եթե, այնուամենայնիվ, խոսվելու է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն մահվան դեպքերի նվազեցմանն ուղղված, եթե պետք է նախևառաջ դիպուկահարները հետ քաշվեն առաջնագծից, պետք է այնտեղ մշտական մոնիթորինգ իրականացվի, պետք է լինեն հետաքննության մեխանիզմներ, պետք է լինի պատասխանատվություն: Եթե այդ ամենն արվելու է և դա չի կոչվելու Վիեննայի պայմանավորվածություն, թող արվի և թող չկոչվի: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ժնևում, ընդամենը խոսքեր են, բարի ցանկություններ, ընդամենը մթնոլորտ է, բայց փաստն այն է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակում չկա: Այս պահին ինչպես վաղաժամ է ասել, թե ի´նչ զարգացումներ կլինեն առաջիկայում, այնպես էլ վաղ է ասել, որ սա նահանջ է կամ ոչ: Ապագան ցույց կտա, թե ինչը ինչ է նշանակում:

- Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել լարվածությունը թուլացնելու հարցում, որ զոհեր այլևս չլինեն: Սա նորությո՞ւն է բանակցային տեքստերում, և կարելի՞ է ակնկալել, որ այլևս զոհեր չեն լինի, հաշվի առնելով, որ Ադրբեջանը լարվածության թուլացման խոստումներ միշտ էլ տվել է, բայց իր խոստումը չի կատարել, նաև այն, որ ցանկացած բանակցությունից առաջ կամ հետո վիճակը սահմանին լարվում է:

- Իհարկե, այս ամենն ընդամենը խոսքեր են, դրական խոսքեր են, բայց, այնուամենայնիվ, խոսքեր են: Առայժմ չի երևում, թե այդ խոսքերին ինչ գործողություններ են հաջորդելու, ի՞նչ կոնկրետ քայլեր, ինչ կոնկրետ երաշխիքներով են այդ գործողություններն ամրագրվելու: Այդ ամենն այս պահին չի երևում: Մենք գոնե այս պահին կարող ենք դատողություններ անել հանդիպման արդյունքների մասին հենց կադրերից, որովհետև իրավիճակը կարող է զարգանալ ցանկացած ուղղությամբ, և որևէ տարբերակ բացառելը շատ մեծ սխալ կլինի:

- Իսկ բարձր տրամադրությունն ինչո՞վ էր, ի վերջո, պայմանավորված:

- Իհարկե, այս հարցին լավագույնս կպատասխանեն այդ բարձր տրամադրությունն ունեցողները: Մյուս կողմից`պետք է հաշվի առնենք հետևյալը. մենք տեսնում ենք` ի´նչ իրադարձություններ են տեղի ունենում աշխարհում, և գալիս ենք այն եզրակացության, որ հին աշխարհակարգն այլևս չի գործում, իսկ նորը դեռ չկա: Այսինքն՝ աշխարհում մեծացել է անորոշությունը, և անվտանգությունը դարձել է բոլորիս թիվ մեկ խնդիրը: Եվ այստեղ թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ղեկավարության մոտ անվտանգության հետ կապված մտահոգություն կա: Ընդ որում, եկեք հաշվի առնենք, որ Հայաստանի համար միայն Ադրբեջանն է մտահոգության պատճառ, իսկ Ադրբեջանի համար միայն Հայաստանը կամ միայն Ղարաբաղը: Այսինքն՝ հարցերն ավելի բարդ են, և այստեղ կա երկուստեք շահերի ինչ-որ տեղ համընկնում, և, այնուամենայնիվ, որոշակի լիցքաթափումը բխում է երկուսի շահերից գոնե այս պահի դրությամբ: Եվ այս դրական մթնոլորտը այս պահին ձեռնտու է երկուստեք:

Մանե Հարությունյան

MediaLab.am