«Զենքին մենք լավ ենք տիրապետում, բայց իրավաքաղաքական ու դիվանագիտական ոլորտներում կաղ ենք մնացել». Արման Մելիքյան

17-11-2017
3824 դիտում
«Զենքին մենք լավ ենք տիրապետում, բայց իրավաքաղաքական ու դիվանագիտական ոլորտներում կաղ ենք մնացել». Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

- ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին, նշել է, որ նա նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում և Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ի՞նչ կարելի է սպասել Լավրովի այցից: Հնարավո՞ր է՝ նոր լավրովյան պլան առաջարկվի:

- Համանախագահների միասնական ջանքերով հակամարտության կարգավորման այնպիսի հայեցակարգ է պատրաստվել, որը նախատեսում է Արցախի ներկայիս տարածքների երկու երրորդի հանձնումն Ադրբեջանին, իսկ դրա դիմաց պաշտոնական Բաքուն պետք է պարտավորվի ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը: Ակնհայտ է, որ այսպիսով, բանակցային գործընթացում «առաջընթացը» կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Երևանն ու Ստեփանակերտը միջնորդների ու ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնեն տարածքների հանձնման ժամանակացույցը: Կարծում եմ, որ այժմ կողմերի միջև առևտուրը հենց այս հարցի շուրջ է վարվում: Այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի տարածքների հանձնման դիմաց ռուս խաղաղապահների տեղակայումն ապահովելն առնվազն հակամարտ զինված ուժերի գոյություն ունեցող շփման գծի գոտում: Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ է ադրբեջանական դիրքորոշումը՝ Բաքուն պատրաստ է ճանաչելու արցախահայության ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ասել է թե, արցախահայությանն իրավունք կտրվի որոշելու՝ ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞, առհասարակ, հրաժարվել ազգային ինքնակառավարման որևէ ձև ունենալու նպատակից: Այնպես որ, բոլոր այդ «նոր» պլանների հիմքում դրված է լինելու հայկական իշխանություններին հողատվության մղելու պահանջը, և դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հայ բանակցողները կշարունակեն խոսել տարածքներ հանձնելու իրենց պատրաստակամության մասին:

- Ալիևը հայտարարել է, որ կվերադարձնեն Ղարաբաղը ցանկացած գնով, որ թույլ չեն տա երկրորդ հայկական պետության գոյությունը և այլն: Այսպիսի հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում չի ուզում: Այդ դեպքում ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այս հանդիպումից:

- Եթե պաշտոնական Երևանն էապես չվերանայի սեփական բանակցային մոտեցումները և նոր քաղաքական ու դիվանագիտական նախաձեռնություններով հանդես չգա, ապա տարածքները, ի վերջո, կհանձնվեն խաղաղ ճանապարհով կամ էլ պատերազմով: Հայկական մոտեցումների համարժեք փոփոխության դեպքում տարածքների հանձնման խնդիրը կդադարի առաջնային լինելուց, և այդ ժամանակ հնարավոր կլինի խուսափել ցավալի տարածքային կորուստներից հենց միայն քաղաքական օրակարգը փոխելու միջոցով: Իսկ եթե, այնուամենայնիվ, հակառակորդը փորձի դիմել պատերազմական գործողությունների, ապա այդ դեպքում ճակատում ևս մենք կունենանք լուրջ առավելություն: Այս կարգի ցանկացած հակամարտությունում հաղթանակն ապահովվում է բացառապես քաղաքականության մակարդակում՝ կարելի է լուրջ ռազմական հաղթանակներ ունենալով ամեն ինչ տանուլ տալ իրավաքաղաքական ու դիվանագիտական ճակատներում: Զենքին մենք, կարծես թե, լավ ենք տիրապետում, բայց ամենակարևոր ոլորտում կաղ ենք մնացել:

- Վերջին շրջանում անընդհատ խոսվում է խնդրի ցավոտ լուծումներից: Ի՞նչ է ակնարկում իշխանությունը` ցավոտ լուծումներ ասելով:

- ՀՀ դե ֆակտո իշխանությունների պատկերացմամբ, հավանաբար, ցավոտ լուծումը Արցախի տարածքի երկու երրորդը հանձնելու դիմաց արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է լինի, որի արդյունքում նաև Ադրբեջանը պետք է պաշտոնապես ճանաչի արցախյան անկախ պետականության գոյությունը: Իրականում այդ ցավոտ լուծումներն Արցախի անկախության ճանաչում չեն ապահովում, ու լավագույն դեպքում տարածքները փաստացիորեն կհանձնվեն Ադրբեջանին կամ մի երրորդ կողմի ժամանակավոր տնօրինությանը՝ գուցե ընդամենն արցախահայությանն անվտանգության ժամանակավոր երաշխիքների տրամադրման դիմաց:

-Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը անցկացվող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում հնարավոր է կայանա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ի՞նչ կարող է այս հանդիպումը տալ՝ հաշվի առնելով Ժնևի հանդիպման անարդյունավետությունը:

-Հավանաբար փորձ կարվի այդ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ ներառել սուբստանտիվ բանակցություններ սկսելու և շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցների գործարկման վերաբերյալ դրույթները: Սուբստանտիվը հենց տարածքների հանձնման ժամանակացույցի մշակման պահանջն է:

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է քննարկվելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը: Համանախագահները նշել են, որ օրակարգում կներառվեն քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր: Ի՞նչ է այն ենթադրում, և արդյոք քննարկման առարկա են լինելու Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

- Բանն այն է, որ միանգամայն անիմաստ է բանակցել շփման գծում անվտանգության և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին այն դեպքում, եթե այդ շփման գիծը մոտ ապագայում պետք է շատ լուրջ փոփոխության ենթարկվի: Այսինքն՝ նշված մեխանիզմների ներդրումն իրեն կարող է արդարացնել միայն այն դեպքում, երբ այդ շփման գիծն արդեն իսկ փոփոխվել է ու այլևս տևական ժամանակ չի փոփոխվելու: Հետևաբար, խոսք կարող է լինել այն մասին, թե երբ և ինչ հաջորդականությամբ են հակառակորդին հանձնվելու այս կամ այն տարածքները, ինչի արդյունքում աստիճանաբար կձևավորվի նոր շփման գիծը, որի երկայնքով, հանձնմանը զուգահեռ, կներդրվեն անվտանգության ապահովման ու միջադեպերի հետաքննության վերոհիշյալ մեխանիզմները:

Մանե Հարությունյան

MediaLab.am