Պետության թշնամին. քրեականը

Պետության թշնամին. քրեականը
Պետության թշնամին. քրեականը

– Ես քեզ ճշտով եմ ասում, ախպե՛րս, էսի քոնն ա: Հորս արև, եթե չելավ, կբերես, ճշտով հետ կվեկալեմ:

Ճշտի փիլիսոփայական հայեցակարգի սույն արիստոտելյան զեղումը կոշիկ վաճառող աղջնակի խոհաիմաստաբանության մի հատված էր: Ամբողջական ներկայացնելու համար մեզ չեն բավարարի հունաց և հռոմեաց իմաստասերների տրակտատները: Այս փոքրիկ մեջբերման մեջ խնդիրն աղջիկը չէ:

Ավելի շուտ՝ կարող է լինել նաև անձը, որ կոնկրետ մշակույթի կրող է: Սակայն այստեղ աղջիկը մեղավոր չէ: Նրան ասել են կամ ենթագիտակցորեն փոխանցել, որ լավը՝ ճիշտն է: Ճշտից վերան բան չկա: Ճիշտդ չկորցնես: Մեր ճիշտը միակ դուզն է: Եվ այսպես շարունակ: Աղջկա խոսույթի դրվագը մեկ միլիոներորդական հատվածն է այն բարքերի, ընկալումների և խոսքի, որի կրողն է մեր հասարակության մի զգալի հատված: 

Ժարգոնային խոսույթը համեմվում է գուլագային ժառանգության՝ ադապտացիա անցած ու հայկական միջավայրում իր պարարտ հողը գտած խոսքի հետ: Արդյունքը պատրաստ է: Ստանում ենք մի շերտ, զգալի շերտ, որն իր խոսքով, վարքականոններով, գործելաոճով, ենթաշերտերով դառնում է քրեականի գիտակցված ու չգիտակցված կրողը:

Եթե աղջկա մշակութային կերպարը քրեականի սոցիալական հենքն է ու ստորին շերտը, ապա շատ վտանգավոր է բուրգի գագաթի շերտը: Բուն էությունը, որը գործում է պետության հետ հակասության սահմանագծին: Որը չի ընդունում պետությունը, չի աշխատում, բարիք չի ստեղծում, արժեք չի ստեղծում:

Նա կոչված է այլոց ստեղծածը հոշոտելու, ոչնչացնելու, ճակատագրեր խեղելու և իր երևութական ճիշտը միֆականության շղարշով պարտադրելու: Եվ դա հաջողում է: Հաջողում է, քանի որ հակառակորդը՝ պետությունը, չունի համարժեք պատասխան, չունի գրավիչ արժեքների այլ հայեցակարգ:

Կրթող տեսականի ու սեփական ճշմարտությունները պարտադրող քաղաքականություն, որը կընկալվի հանրության շահի դիտանկյունից: Հանրային շահի մաս միայն ես ու դու չենք, սիրելի՛ ընթերցող: Հանրային համակեցության մեջ է նաև աղջիկը: Նրան նույնպես պետք է մատուցել պետության ճշմարտացիության հայեցակարգը, այլապես հանրային համակեցությունը խախտվում է, իսկ ի հետևանս՝ պարտվում է պետությունը:

Մեզանում քրեականությունը մինչև վերջին պատմական շրջափուլը երբեք գերիշխող չի եղել: Չնայած ծանր կենսապայմաններին, որոնցում գոյատևել ենք, երբեք քրեական չենք եղել: Իհարկե ունեցել ենք խմբեր, որոնք թալանել են՝ չերքեզական, թուրքական կամ քրդական գյուղեր, սակայն դա բխում էր ժամանակաշրջանի սոցիալական միջավայրից ու տարվող պայքարի փիլիսոփայությունից:

Քրեականությունը մեզ ժառանգություն թողեց խորհրդային հայեցակարգը: Իմ խորին համոզմամբ՝ շալամովյան գուլագների շարունակությամբ: Առաջացավ մի խավ, որը կարողացավ իրեն պարուրել միֆականությամբ և ինչ-որ պահի դուրս սողոսկել պետության վերահսկողությունից: Իսկ ազատություն ստացած ենիչերիներն ամենավտանգավորն են:

90-ականներին, վատ թե լավ, ոմանց համար՝ բռնի, կային մարդիկ, որոնք կարողացան լուծել խնդիրը: Պատմական հետագիծը հուշում է, որ այդ պահին այլ ելք չկար: Նախորդ իշխանությունների օրոք նրանք նորից ծաղկում ապրեցին, բայց վերահսկվում էին: Այստեղ մեկ բացառություն կա. դժվար էր սահմանազատել քրեականին ու նախորդ իշխանությանը: Նրանք միաձույլ էին: Բայց կարծես կար հստակ պայմանավորվածություն՝ չխախտել որոշակի սահմաններ: Խախտողները խիստ պատժվում էին: Սա էլ է համակեցության տարբերակ: 

Այս իշխանություններն իրենց առանձնացրել են քրեականից: Սակայն խնդիրն այն է, որ չեն կարողանում վերահսկել այդ նույն քրեականներին: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե քրեականները ստացել են ազատություն: Իրական, քաղաքացիական ազատություններ, որոնց մասին չէին կարող երազել նախորդ որևէ իշխանության օրոք:

Ու ստացվում է մի տրագիկոմեդիկ իրավիճակ, երբ նոր աշխարհի ճշմարտությունները՝ քաղաքացիական ազատությունները, ծառայում են հետադիմական խմբերին՝ քրեականներին:

Պատմական միքսը ստացված է, ու այդ զավեշտը գործում է պետության դեմ: Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ քրեականությունը և դրա տարածած մշակութային կոդերը դարձել են մեր պետության իրական սպառնալիքներից մեկը: Առաջնային սպառնալիք: Օրինակ՝ քաղաքացիական ակտիվիստներ ներկայացող որոշ խմբեր սպառնում են ամեն դեպքում վերջում վարվել ճշտով: Սա վերը նշածիս ապացույցն էր՝ այն դարակազմիկ միքսի: Իսկ ի՞նչ են անում ուժայինները: Ավելի լավ է նրանց հարցնել:

Ի՞նչ են անում պետական այն բոլոր համակարգերը, որոնք պարտավոր էին այլ՝ պետության շահերից բխող մշակույթ պարտադրել և թեկուզ՝ դագանակով: Այո՛, քրեականի դեմ պայքարում պետական մշակույթը հարկ եղած դեպքում պետք է պարտադրել դագանակով: Ասեմ ինչով են զբաղված՝ հանգստանում են: Իսկ քանի դեռ նրանք հանգստանում են, ազատություններ ստացածները ազատություն գեղեցիկ եզրույթի տակ դառնում են սանձարձակ՝ ուղիղ սպառնալով իմ, քո և պետության անվտանգությանը:

Իսկ ո՞րն է ճիշտը, ո՞վ է այն սահմանում, և ո՞րն է միակ ճիշտը, թերևս կիմանա կոշիկ վաճառող աղջիկը:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am