«Ելքի» նախաձեռնելիք երթը հիմնականում PR ակցիա է, որի նպատակն իր անունը ԶԼՄ-ներով պտտեցնելն է ու վարկանիշը բարձրացնելը». Արմեն Բադալյան

15-01-2018
4773 դիտում
«Ելքի» նախաձեռնելիք երթը հիմնականում PR ակցիա է, որի նպատակն իր անունը ԶԼՄ-ներով պտտեցնելն է ու վարկանիշը բարձրացնելը». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, Սերժ Սարգսյանն ապրիլին ընդառաջ կարծես ակտիվություն է դրսևորում, հանդիպեց նաև խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, ի՞նչ է տեղի ունենում: Հնարավո՞ր է ապրիլից առաջ նա ամրապնդում է իր դիրքերը:

- Ապրիլից առաջ մեծ իմաստով բոլոր շահագրգիռ գործողները պատրաստվում են մասնակցել իշխանությունների ձևավորման գործընթացին: Բայց կարող ենք ասել, որ վարչապետի թեկնածուների հարցը պետք է աշխարհաքաղաքական կենտրոնների ղեկավարության հետ համաձայնեցվի, առաջին հերթին` Արևմուտքի հետ, որովհետև Արևմուտքն այս պահին ավելի շատ ազդեցություն ունի Հայաստանի վրա, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հանդիպմանը ԱԺ խորհրդի հետ, ապա հանդիպումներ կամ խորհրդակացություններ կարող են լինել, կարող են նաև չլինել: Մեծ իմաստով դա կոնկրետ վարչապետի թեկնածուի նշանակման հարցում դերակատարություն չունի:

- Իսկ հնարավո՞ր է, որ ձեր նշած աշխարհաքաղաքական ուժերն արդեն ակնարկներ են արել վարչապետի թեկնածուի շուրջ:

- Չեմ կարող ասել, դա ոչ ոք չի կարող ասել: Եթե նման ակնարկներ լինեն, այդ ակնարկների մասին կիմանա միայն գործող նախագահը, ուրիշ ոչ ոք:

- Սերժ Սարգսյանը նաև օրերս թանկացումների մասին խորհրդակցություն անցկացրեց, հանձնարարում է քայլեր ձեռնարկել թանկացումների դեմն առնելու համար: Սա արդյոք հասարակության վստահությունը շահելու կամ նախընտրական ինչ-որ քայլ չէ՞:

- Դա ավելի շուտ էժանագին PR ակցիա էր, որովհետև թանկացումների դեմ պայքարում են ոչ թե թանկացումներից հետո ինչ-որ միջոցառումներ իրականացնելով, այլ նախքան թանկացումները համապատասխան տնտեսական քաղաքականություն վարելով: Նախքան այդ թանկացումներն էլ բազմաթիվ գործիչներ ու փորձագետներ նշում էին, որ Հարկային այս օրենսգիրքն ընդունելու, մենաշնորհների դեմ չպայքարելու հետևանքը լինելու են թանկացումները:

Եվ եթե ցանկություն կա պայքարելու թանկացման դեմ, պետք է թանկացումների պատճառների դեմ պայքարել, ոչ թե հետևանքների: Սերժ Սարգսյանը կարող էր կանխել թանկացումները՝ իրականացնելով տնտեսական համապատասխան քաղաքականություն: Դա այն է, որ չլինեին մենաշնորհներ, նորմալ Հարկային օրենսգիրք ընդունվեր: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը դրանում շահագրգռված չէ, այդ հայտարարությունն ուղղակի PR է, որովհետև դա ոչ մի արդյունք չի տալու:

- Ապրիլին ընդառաջ դուք քաղաքական դաշտում ընդհանուր առմամբ վերադասավորումներ նկատո՞ւմ եք: Օրինակ՝ «Ելք» դաշինքն արդեն թանկացումների հարցով շարժում է ուզում ստեղծել, «Ծառուկյան» դաշինքը չի բացառում իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը: Ի՞նչ է կատարվում:

- «Ելքի» նախաձեռնած երթը նույնպես հիմնականում PR ակցիա է, որի նպատակն այդ քաղաքական ուժի անունը ԶԼՄ-ներով պտտեցնելն է և իր վարկանիշը բարձրացնելը: Իմ կարծիքով՝ շատ սահմանափակ թվով մարդիկ «Ելքի» հետ դուրս կգան փողոց, որովհետև հիմնական պայքարը, կրկնում եմ, ոչ թե թանկացումների հետևանքի դեմ պետք է լինի, այլ թանկացումները ծնող պատճառների դեմ պետք է պայքարել: Իսկ «Ելքն» ընդամենը հետևանքների դեմ PR արշավ է անցկացնում՝ զուտ իր կուսակցական շահերից ելնելով:

Դա նորմալ գործընթաց է, աշխարհի բոլոր երկրներում էլ ընդդիմադիր ուժերն օգտագործում են այս կամ այն առիթը՝ իրենց անունը լրատվական դաշտում պտտեցնելու համար: Ավելին, «Ելքի» պայքարի մեջ չկա նաև կոնկրետություն, ասում են՝ կպայքարենք թանկացումների դեմ: Ի՞նչ նկատի ունի «Ելքը»` նախագահի հրաժարակա՞նն է պահանջում, թե՞ կառավարության հրաժարականը կամ ԱԺ նոր ընտրություններ: Ի՞նչ է պահանջում` ոչ մի բան: Ընդամենն ասում է՝ ապրանքները թանկացել են, եկեք դուրս գանք երթ անենք: Դրանով ապրանքների էժանացում տեղի չի ունենա:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ` դա կախված է վարչապետի անձից, նայած թե ով կլինի վարչապետը և ինչ տնտեսական քաղաքականություն կիրականացնի: Կոալիցիան ինքնանպատակ չէ, այսինքն՝ զուտ պաշտոնների համար մղվող պայքար չէ: «Ծառուկյան» դաշինքն ընտրություններից առաջ իր տնտեսական ծրագիրն էր ներկայացրել: Այդ ուժն ընտրական միջոցառման ժամանակ չստացավ մեծամասնություն և իր տնտեսական ծրագրերը չկարողացավ իրականացնել: Հիմա կախված նրանից, թե ո՛վ կլինի վարչապետը, ի՛նչ տնտեսական քաղաքականություն կիրականացնի, որոշում կկայացվի: Այսինքն՝ ցանկացած հարց կախված է վարչապետի անձից:

- Առաջիկայում կարծես նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ: Հնարավո՞ր է, որ ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարցն է նաև քննարկվելու:

- Այո՛, թե ով կլինի Հայաստանի ապագա վարչապետը` այս օրերին կարող է ճշտվել: Ինչպես տեսնում ենք, նախագահը և՛ Մոսկվա է գնալու, և՛ Եվրոպա: Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը նաև պետք է հանդիպի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: Իսկ գաղտնիք չէ, որ Ֆրանսիան Հայաստանի հիմնական գործընկերն է Եվրամիությունում, և Մակրոնից շատ բան է կախված: Եվ շատ հնարավոր է, որ հենց Մակրոնից էլ Սերժ Սարգսյանն ստանա իր՝ վարչապետի պաշտոնում նշանակվել-չնշանակվելու հարցի պատասխանը: Իսկ Մակրոնի տեսակետը Եվրամիության տեսակետն է Հայաստանում ապագա իշխանության ձևավորման վերաբերյալ:

Այստեղ մի շատ կարևոր հարց կա. երբ մենք համեմատություն ենք անցկացնում Հայաստանի և Ուկրաինայի միջև, որոնք Եվրամիության հետ համաձայնագրեր են ստորագրել, տեսնում ենք հետևյալը. Ուկրաինայի նախագահը ցանկություն չունի իրականացնելու այդ ծրագրված համաձայնագիրը: Տեսնում ենք, որ ՀՀ նախագահն էլ ցանկություն չունի իրականացնելու այն, զուտ PR ակցիայի շրջանակներում նա ստորագրեց այդ փաստաթուղթը: Իսկ Արևմուտքի համար դա ոչ թե PR է, այլ Արևմուտքը ցանկություն ունի Հայաստանը բերել իր հսկողության տակ, և ստիպեց Հայաստանի իշխանություններին ստորագրել Արևմուտքի համար ցանկալի այդ փաստաթուղթը:

Ինչո՞ւ եմ այս օրինակը բերում, որովհետև Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ Ֆրանսիան կարող է շատ հանգիստ պահանջել, որ Հայաստանում լինի այնպիսի վարչապետ, ով իրականում կկատարի այս համաձայնագիրը: Իսկ դա կարող է լինել միայն այն վարչապետը, ով կունենա Արևմուտքի վստահությունն ու ֆինանսական աջակցությունը:

Գործող նախագահին չեն վստահում և, ամենայն հավանականությամբ, նրան ֆինանսական աջակցություն չեն տրամադրի Հայաստանում ինչ-որ բարեփոխումներ իրականացնելու համար, որովհետև գիտեն, որ այդ բարեփոխումներն իրականացնելու նպատակ էլ չունի նա: Հետևաբար, այսօր, քանի դեռ որոշված չէ, թե ով է լինելու հանրապետության վարչապետը, երկրի ներսում որևէ քաղաքական ուժի կողմից իրականացվող գործողություններն արդյունք չեն տալու:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am