«ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանի անձով փորձում է կոսմետիկ լեգիտիմություն հաղորդել այն անձի առաջադրմանը, ով հակակրանք չի առաջացնի կամ մերժելի չի լինի». Ստյոպա Սաֆարյան

20-01-2018
15827 դիտում
«ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանի անձով փորձում է կոսմետիկ լեգիտիմություն հաղորդել այն անձի առաջադրմանը, ով հակակրանք չի առաջացնի կամ մերժելի չի լինի». Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելով Արմեն Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել ներիշխանական պայքարից ու կուսակցական բևեռներ ստեղծելուց: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի համար կարևոր է, որ Արմեն Սարգսյանը, ինչպես և վարչապետ Կարեն Կարապետյանը, համակարգից դուրս է: Թեև ՀՀԿ-ն ամենամեծ կուսակցությունն է, բայց վարչապետի կամ նախագահի թեկնածու ընտրելիս՝ օգտվում է իր կուսակցությունից դուրս բազայից:

«Սա թերևս պատահական չէ, որովհետև Հովիկ Աբրահամյանի վարչապետ լինելը Սերժ Սարգսյանի համար օրինակ էր, թե ինչ է նշանակում կուսակցության ներսում մրցակցության բևեռներ ունենալ: Արմեն Սարգսյանը նախընտրելի է, որովհետև, ինչպես և վարչապետ Կարեն Կարապետյանը, դրսից բերված ՀՀԿ-ական է, որը ներսում որևէ թիմ չունի և չի կարող ժամանակի ընթացքում իր հավակնությունների առումով որևէ պրոբլեմ առաջացնել»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ հունվարի 18-ի նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ չորրորդ նախագահի համար առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ-ականները համաձայնություն են տվել այս թեկնածությանը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանի շուրջ քաղաքական լայն համաձայնություն կլինի, և նախագահի ընտրությունները տեղի կունենան մեկ փուլով: Նախատեսված է, որ խորհրդարանը ՀՀ չորրորդ նախագահին կընտրի մարտի 2-ին:

Իր հերթին Արմեն Սարգսյանը դեռ համաձայնություն չի տվել՝ ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրվելու համար: «Անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, և, իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել: Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարոն նախագահ»,- Սերժ Սարգսյանին ասել է նա:

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ գործ ունենք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, որոնց մասին ուղղակի հայտարարվում է այժմ: Ընդհանուր առմամբ, քանի որ խորհրդարանական կառավարմանն անցում կատարելը նաև որոշ չափով առնչվում է իշխանության վերարտադրության հետ, հետևաբար Սերժ Սարգսյանը շատ երկար է մտածել՝ տեսադաշտում ունենալով այն թեկնածուներին, որոնք կարող էին նախագահ լինել:

«Եվ մինչ այժմ շրջանառված անունները թերևս վկայում էին այն մասին, որ զոնդաժ էր արվում, և ինչ-ինչ հաշվարկներով ՀՀԿ-ն կանգ առավ Արմեն Սարգսյանի անձի վրա»,- ասում է վերլուծաբանը:

Հարցին, թե Արմեն Սարգսյանը նախընտրելի՞ թեկնածու է բոլոր քաղաքական ուժերի համար, Սաֆարյանը պատասխանում է, որ անկախ նրա պրոֆեսիոնալ որակներից, որոնք կասկածի տակ չեն դրվում, այնուամենայնիվ դժվար է խոսել կուսակցությունների քաղաքական դիրքորոշման մասին: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բնականաբար, կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը: «Ծառուկյան» դաշինք խմբակցության դիրքորոշման մասին հստակ հնարավոր չէ կանխատեսում անել: Ըստ Սաֆարյանի՝ այդ խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածուին, եթե դրա դիմաց որևէ բան ստանա: Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցությանը, ըստ Սաֆարյանի, այդ ուժը դեմ կքվեարկի այդ թեկնածուին:

«Հիմա թե ի՛նչ կոնսոլիդացիայի մասին է խոսում ՀՀԿ-ն, սա մի փոքր դժվար է ասել: Բայց ակնհայտ է մի բան. ՀՀԿ-ն գիտակցում է ամբողջ քաղաքական համակարգի, մասնավորապես, իր լեգիտիմության խնդիրը: Եվ այս կտրվածքով երբ ՀՀԿ-ն խոսում է կոնսոլիդացիայի մասին, նկատելի է, որ ուղղակի նախագահի անձով փորձում է կոսմետիկ լեգիտիմություն հաղորդել այն անձի առաջադրմանը, ով առնվազն հակակրանք չի առաջացնի կամ մերժելի չի լինի: Եթե անգամ քաղաքական դիրքավորման առումով դեմ կլինեն, ապա, համենայնդեպս, Արմեն Սարգսյանի պրոֆեսիոնալ որակները կասկածի տակ դրվել չեն կարող»,- ասաց նա: Հետևաբար, այս առիթն օգտագործելով, ըստ մասնագետի, ՀՀԿ-ն ուզում է լեգիտիմություն հաղորդել քաղաքական համակարգին:

Միաժամանակ, Սաֆարյանը նկատում է, որ ՀՀ չորրորդ նախագահը ձևական ֆիգուր է լինելու, նրա միջոցով փոփոխություններ չեն լինի ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականությունում: Եվ գլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե ո՛վ է լինելու հաջորդ վարչապետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am