Սերժ Սարգսյան. Անփոխարինելին

04-03-2018
5374 դիտում
Սերժ Սարգսյան. Անփոխարինելին

Հրապարակային քաղաքական մտքի վերջին ամիսների հիմնական ասելիքն այն է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ Թվում է, թե էդ մարդուն անփոխարինելի հռչակելը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ընդդիմադիր համարվող «Ծառուկյան» խմբակցության համար ինքնահաստատվելու եզակի հայտ է։

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, թե «Հայաստանը շատ բան կկորցնի, եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ»։ Ինչպես համոզվեցիք, Հայաստանը չափազանց շատերին պիտի կորցնի, որպեսզի պետություն դառնա։

Ի վերջո, ո՞վ է Սերժ Սարգսյանը: Կատակ բան չէ նրան հասկանալը: Նա տոկոսներ է կրակել զրոյական հեղինակությամբ: Իր և ՀՀԿ-ի ցանկացած ընտրություն հենց այդ տարում բազմապատկել է Հայաստանից արտագաղթողների թիվը: Այս մարդուն ընկալելն արդեն քաղաքացու և հոգեբանական ծառայությունների գործը չէ, ասպարեզը 100 տարի հետո ծնվող պատմաբաններինը, սոցիոլոգներինը, փիլիսոփաներինն է, որոնք պետք է փորձեն հասկանալ, թե այսպիսի մարդը ինչպե՞ս կարողացավ իրեն պարտադրել 3 միլիոնանոց Հայաստանում, որտեղ բոլորն իր նման ունեին ոտքեր ու ձեռքեր, աչքեր ու միտք, ժողովուրդ, որը ստալինիզմ է վերապրել, որն իմացյալ մահվան է գնացել Արցախյան ազատամարտում:

Նրանք թերթելու են կայքերը, մուտք են ունենալու բացառիկ արխիվներ և գոնե մի կիսախելոք միտք չեն գտնելու այս մարդու շուրթերով ասված, որպիսին ասում էին Դը Գոլն ու Չերչիլը:

Ոչ ոք, աշխարհում ոչ ոք չի հասկանալու Հայաստանի քաղաքացուն, թե անկախությունից 27 տարի հետո ինչո՞ւ է արտագաղթում, եթե իրեն երկրից հեռացնողը իրենից լավը չէ: Եվ այս հարցին պետք է արդեն այսօր պատասխանել, որպեսզի 100 տարի հետո մեր արտագաղթողը գոնե հիմարի լույսի ներքո չերևա: Նա գնում է, որովհետև չի ուզում այստեղ ունենալ մարդասպանի մտքեր: Անհուսությունը ժամանակի մեջ ի վերջո ելքը փնտրում է ինքնասպանությամբ կամ սպանությամբ: Մեր քաղաքացիների մեծ մասը չի ուզում ո՛չ սպանել, ո՛չ էլ մեռնել: Որևէ հանրապետականի գլուխը սա չի մտնում հենց թեկուզ այն պատճառով, որ ոչ մեկի մատը փուշ չի մտել:

Այս մարդիկ կարողացել են ստեղծել մի զուգահեռ Հայաստան, որտեղ իրենց աչքի առաջ տեղի ունեցող ողբերգությունները իրենց Հայաստանում չեն կատարվում: Ապագայի պատմաբաններն ու փիլիսոփաները սա չեն կարողանալու բացատրել: Նրանք հարցնելու են, չէ՞, ո՞վ է հայը:

Ապագայի պատմաբանը վրիպելու է, երբ փորձի նրան փնտրել այդ օրերի Հայաստանում: Նա շատ հեռու պետք է գնա այս երկրից: Արդեն այսօր մեկը պետք է նրանց օգնի հասկանալու, որ Հայաստանում մնացածներից յուրաքանչյուրն իր մեջ զսպում է մարդասպանին և ինքնասպանին: Սա է, որ առայժմ հնարավոր է հասկանալ: Որովհետև ինքը կարդալու է Գևորգ Կոստանյանին և որպես փարավոններ ու հռոմեական կայսրեր վերծանած մարդ չի հասկանալու, թե արդյոք մարդո՞ւ մասին է խոսքը:

Ապագա պատմաբանն ու սոցիոլոգը հաստատ մտածելու են, որ այս Հայաստանում գուցե ստրկատիրական կարգեր են եղել, եթե մարդը կարող է Աստծո տեղ անցնել: Ապագայի պատմաբանն ու սոցիոլոգը, եթե նա հայ եղավ, հրաժարվելու է ճանաչել իր ազգային ժառանգականությունը այսօրվա հայով:

Որովհետև մարդը չի ավարտվում ինքնասպան և մարդասպան չլինելու մղումով: Նա պիտի ինչ-որ այլ բան էլ առաջարկած լիներ: Եվ քանի որ չի գտնելու, չի ունենալու պատասխանը թեկուզ այն հարցի, թե այս մարդկանց ինչի՞ն է պետք եղել անկախությունը:

Նա չի հասկանալու, թե ինչպե՛ս կարելի է Արցախյան պատերազմում ինքնազոհաբերվելու կամք ունենալ ու հետո մատաղացու գառի նման գլուխը դնել բառի բուն իմաստով հակաբանական ինչ-որ մարդկանց «բնական» անբարոյականության տակ: Եվ վճռելու է ապագայի պատմաբանը, փիլիսոփան, սոցիոլոգը, գրողը, իրավաբանը գուցե հայը, որ, չէ՛, ա՛յ ախպեր, հաստատ ինչ-որ անհասկանալի ցեղատեսակ է ապրել էս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, ինչ-որ վերջին ցեղատեսակ, որը ո՛չ ինքնազոհաբերությունից է բան հասկացել, ո՛չ էլ մատաղ լինելուց:

Մհեր Արշակյան

MediaLab.am