«Եթե նույնիսկ ամբողջությամբ արգելեն հրավառությունները, դա չի լուծելու պետական մարմնի հանցավոր անգործության հետևանքով առաջացած խնդիրը». Հովհաննես Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի օրը հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 1.6 տարի առաջ է ստուգումներ կատարել, բացահայտել է մի շարք խախտումներ, տուգանել, բայց, պարզվում է՝ խախտումները չեն վերացվել: Ստեղծված իրավիճակը ինչի՞ հետևանք է, կառավարման խնդիրներ տեսնո՞ւմ եք:

– Ստեղծված իրավիճակը, եթե կարճ ասենք, անպատասխանատվության հետևանք է, մասնավորապես, տեսչական մարմնի դրսևորած անպատասխանատվության: Այդ պարագայում տեսչական մարմնի ղեկավարը և այն պաշտոնյաները, որոնք առնչվել են այս դեպքի հետ, առնվազն պետք է ազատվեն աշխատանքից: Ինչո՞ւ, որովհետև իրենք կատարել են ստուգումներ, հայտնաբերել են խախտումներ, որոնք հանրային կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներ են պարունակել, բայց փաստացի տեսնում ենք, որ խախտումները վերացնող գործողություններ չեն կատարել:

Ստուգումները պետք է ինքնանպատակ չլինեն, դրանք արվում են, որպեսզի խախտումները վերացվեն, հատկապես երբ գործ ունենք նման կարգի վտանգավոր նյութերի հետ:

– Այո՛, բայց նույն պետական մարմինն ասում է՝ չունեն ռեսուրսներ հավելյալ ստուգումների համար, նաև՝ օրենքը չի տալիս լայն հնարավորություններ…

– Այդպես չէ, տեսչական մարմինների մասին կան բավականաչափ մանրամասն օրենսդրություն և կանոնակարգեր: Նրանք իրավունք ունեին դադարեցնելու այդ տարածքի գործունեությունը և պարտադրելու, որ հաշված օրերի ընթացքում այդ խախտումները վերացվեն: Միայն գնալ նայելով ու փոքր տուգանքներ սահմանելով չէ: Մենք գործ ունենք անպատասխանատվության հետ: Տարբեր պատճառաբանություններ կարող են բերել, բայց համակարգը և ցանկացած ոլորտում տեսչական վերահսկողությունը ենթադրում են խախտումների հայտնաբերում և դրանց վերացում և ոչ միայն հայտնաբերում, տուգանքի նշանակում:

Այսինքն՝ այս դեպքում գործողություններ պետք է լինեին, որը մենք չենք տեսել:

– Հնարավո՞ր է տնտեսվարող սուբյեկտի հետ պետական մարմինը որոշակի կապեր է ունեցել, ինչով կաշկանդված լինելով հետևողական չի եղել խախտումները վերացնելու հարցում:

– Ես չեմ ուզում ենթադրություններ անել, դա ճիշտ չեմ համարում, որովհետև կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է զբաղվեն այդ գործով: Բայց փաստ է, որ ծառայողական պարտականությունների պատշաճ չկատարման հետևանքով արդեն տասնյակ զոհեր կան:

Բայց այն, որ կատարվածը ծառայողական ոլորտում բացթողումների ու անպատասխանատվության հետևանք է, փաստ է:

– Պարո՛ն Ավետիսյան, այսօր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ պետք է արգելել հրագործական նյութերի ազատ վաճառքը, իսկ հրավառությունները թույլ տալ սահմանափակումներով: Ձեր կարծիքով՝ հենց դա՞ էր խնդիրը, որ նման իրավիճակ է ստեղծվել:

– Խնդիր է, որ ով որտեղ պատահի՝ հրավառություն է կազմակերպում, կարգուկանոն ոլորտում չկա, և դա անհեթեթություն է: Վտանգներ կան, և այդ ամենը, բնականաբար, պետք է կարգավորել: Եթե որոշում են արգելել, ինչը նպատակահարմար եմ համարում ես:

Բայց նույնիսկ եթե ամբողջությամբ արգելեն հրավառություններն ու այդ նյութերի վաճառքը, տարածումը, դա չի լուծելու այն ամբողջ խնդիրը, որն առաջացել է կառավարման անփութության, պետական համապատասխան մարմնի հանցավոր անգործության հետևանքով: Սովորական խախտում չէ, որը կարող է մեկ-երկու մարդու կյանքի, առողջության համար վտանգավոր լինել, հանրային առողջությանը սպառնացող մեծ խնդրի հետ գործ ունենք:

Ես՝ որպես պետական կառավարման մասնագետ, փորձագետ, առնչվում եմ պետական կառավարմանը և կարող եմ ասել, որ համակարգում կան խնդիրներ, որոնք առաջանում են անպատասխանատվության և հանցավոր անգործության հետևանքով: Օրինակ՝ օրենքը կա, որը հնարավորություն է տալիս լուծելու առաջացած խնդիրները, բայց պետական ծառայողները չունեն բավարար գիտելիքներ, կամք և ունակություններ կանխելու կամ վերացնելու խախտումները: Սա համակարգային խնդիր է:

– Ինչո՞ւ չունեն այդ գիտելիքները կամ եթե չունեն, ապա ինչպե՞ս են հայտնվել այդ համակարգում:

– Դա արդեն այլ խնդիր է: Պետք է պարզել պատճառները ու փոխել ամեն ինչ, ներդնել մեխանիզմներ, որ, օրինակ՝ տեղի է ունեցել խախտում, և առնվազն տեսչության պետը ու կից պաշտոնյաները ազատվեն աշխատանքից: Ավելին, պատասխանատվություն կրեն: Ու հանրությունն էլ պետք է իմանա, որ այս-այս մարդիկ տվյալ հանցավոր անփութության համար ենթարկվել են պատասխանատվության: Դա շատ կարևոր է, քանի որ այդպիսով համակարգն էլ դասեր կքաղի, ու համակարգում աշխատող պաշտոնյաներն էլ կհասկանան, որ իրենց ցանկացած անպատասխանատվություն կարող է հետևանքներ առաջացնել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am