Գոռ Գևորգյանն առկա իրավիճակում արկածախնդրություն է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը ստեղծված ներքաղաքական իրավիճակում արկածախնդրություն է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գևորգյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ընտրությունները պետք է ինքնանպատակ չլինեն, դրանք պետք է գան խնդիրները լուծելու, ոչ թե հավելյալ խնդիրներ ստեղծեն: Ես չեմ կարծում, որ նման ծայրահեղ լարված սոցիալական մթնոլորտում մենք կարող ենք գնալ ընտրությունների: Հանրության մեջ այնքան թեժ մթնոլորտ է ձևավորված, որ այս պայմաններում արկածախնդրություն է ընտրությունների գնալը»,- ասաց Գևորգյանը:

Գոռ Գևորգյանը հավելեց, որ այժմ կա Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդիրը, հումանիտար այլ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։