«Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշմամբ սառույցը հալվեց, եւ սա կարող է ազդակ լինել մյուս դատարանների ու դատավորների համար». փաստաբան

24-05-2018
3210 դիտում
«Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշմամբ սառույցը հալվեց, եւ սա կարող է ազդակ լինել մյուս դատարանների ու դատավորների համար». փաստաբան

«Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Սասնա ծռեր» խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշմամբ դատական համակարգում սառույցը հալվեց: Եվ սա կարող է ազդակ լինել մյուս դատարանների ու դատավորների համար, որպեսզի չվախենան ու փորձեն արդարադատություն իրականացնել»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նա միաժամանակ նկատում է, որ դատարանն այս հարցում դանդաղ քայլերով է առաջ շարժվում, երկրում իրավիճակի փոփոխման պայմաններում նման դատավորները չեն կարող շարունակել աշխատել համակարգում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ այսօր քննվել է Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Դատարանը որոշեց Կարո Եղնուկյանին 10 մլն ՀՀ դրամ գրավով դատարանի դահլիճից ազատ արձակել: Նշենք, որ ամիսներ առաջ դատարանը մերժել էր 1 մլն դոլար գարվով Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը առաջընթաց է նկատում դատարանի գործողություններում:

«Դատարանը շատ աննշան քայերով առաջ է գնում: Ինձ թվում է՝ դա բավարար չէ, որպեսզի նոր պայմաններում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակի դատարանում արդարադատություն իրականացնել» ,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Հայրապետյանը:

Ազատ արձակվելուց հետո Եղնուկյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ պետք չէ որևէ ցուցում ու պարտադրանք լինի դատական համակարգի նկատմամբ: Բայց միաժամանակ եթե այս վիճակը երկար տևի, ըստ Եղնուկյանի, մարդկանց մոտ համբերությունը կարող է հատել:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարելու՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելուն աջակցելու, պատանդներ պահելու մեջ: Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Եղնուկյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նրա գործը քննվում է «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների գործի հետ, այնինչ, ըստ փաստաբանի, Եղնուկյանի գործը պետք է  տարանջատել ընդհանուր գործից:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը համաձայն չէ դատարանի այն որոշման հետ, որ Եղնուկյանը գրավով ազատ արձակվեց: Նրա խոսքով՝ պետք է կիրառվեր ստորագրություն չհեռանալու մասին:

«Եղնուկյանը որևէ արարք չի կատարել, և նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով մեդադրանքը վերանայել և քրեական հետապնդումը դադարեցնել»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Այսինքն՝ նրա խոսքով՝ այսօր ունենք իրավիճակ, որ անձը  ոչ մի հանցանք չի կատարել, մեղադրանքը անհիմն է, բայց դատարանը շատ փոքր քայլերով  է գնում առաջ:

Նրա խոսքով՝ ցավալի ու խայտառակ իրավիճակ կստեղծվի, եթե հետագայում իրենք դատարանի՝ գրավով ազատ արձակելու այդ որոշումը վիճարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և դատարանը որոշի, որ խախտում է եղել:

Փաստաբանը պնդում է, որ Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նրա գործողություններում հանցագործության տարր  չկա: Հայրապետյանի խոսքով՝ ո՛չ քննիչները, ո՛չ դատախազը որևէ փաստ չեն ներկայացնում, թե ինչու պետք է Եղնուկյանը մնա կալանքի տակ:

Այս գործով հետագա անելիքները, ըստ Հայրապետյանի, պետք է քննարկի Կարո Եղնուկյանի հետ, դեռ հայտնի չէ՝ դատարանի այսօրվա որոշումը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, կբողոքարկվի, թե ոչ:

«Շատ միջնորդություններ ենք մենք ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործը Սասնա  ծռերի գործից առաձնացնելու և ավելի արագ քննության ենթարկելու մասին: Շատ միջնորդություններ կան, ես կարծում եմ, որ դրանք առաջիկայում էլ պետք է պնդել, բայց Եղնուկյանի հետ խոսելուց հետո վերջնական որոշում կկայացնենք»,- նշում է փաստաբանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am