Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը արդյունավետ քննարկում ունեցանք ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ․ Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի սահմանների շուրջ լարված վերջին իրադարձությունների, արցախյան հիմնահարցի կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի հետ աշխատանքի, Վաշինգտոնի հետ Երևանի երկկողմ ձևաչափով արդյունավետ հարաբերություններ կառուցելու, խորացնելու և զարգացնելու, Հայաստանի անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիական կարիքների գնահատման ու ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անելիքների ինչպես նաև շատ այլ հարցերի վերաբերյալ Վաշինտոնում Հայաստանի դեսպանատանը արդյունավետ քննարկում ունեցանք ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

Վերջին օրերի լարվածությունը Հայաստանի սահմաններին ցույց տվեց, թե ինչ ահռելի դիվանագիտական աշխատանքի կարիք կա բոլոր ուղղություններով: Մենք մշտական աշխատանքային խմբերի կարիք ունենք ուժային բոլոր կենտրոններում՝ Վաշինգտոնում, Մոսկվայում և Բրյուսելում: Մեզ անհրաժեշտ են ամերիկյան և եվրոպական ուղեղային կենտրոններում Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ մշտական քննարկումներ:

Մեզ անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին, ապավինել ազգային համահայկական կարողություններին, բանականությանը և հասկացված լինել աշխարհին՝ մեր գործընկերներին, ովքեր պատրաստ են ձեռք մեկնել, եթե մենք ընդունակ լինենք ձևակերպել մեր կարիքները»: