«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ». Հասմիկ Խաչատրյանը՝ բռնությունից ազատ բիզնես լեդի / ԴԱՓՆԵ

01-10-2018
8308 դիտում
«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ». Հասմիկ Խաչատրյանը՝ բռնությունից ազատ բիզնես լեդի / ԴԱՓՆԵ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Մեդիալաբը» ներկայացնում է իր «Դափնե» նախագծի պատմությունները, որոնք պատմում են կանանց մասին, ովքեր անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները հրապարակվել են www.Daphne.am կայքում, որը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ և լայն արձագանք ունեցել։

Ազատությունն աշխարհի ամենաթանկ ձեռքբերումն է Հասմիկ Խաչատրյանի համար, որը 9 տարի շարունակ ապրել է ընտանեկան բռնության, ծեծի և խոշտանգման պայմաններում:

Հինգ տարի առաջ, երբ իր մեջ ուժ գտավ փոխելու սեփական կյանքն ու պաշտպանելու իր իրավունքները, չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կունենա սեփական բիզնես, երեխաները կլինեն իր կողքին, կշարունակի կրթությունն ու կկարողանա օգնության ձեռք մեկնել բռնության ենթարկված այլ կանանց:

«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ»,- ասում է Հասմիկ Խաչատրյանը, որի աղմկահարույց պատմությանը ծանոթ են շատ-շատերը:

Հայացք գցելով անցյալ տարիներին՝ Հասմիկն ասում է. այնքան ձեռքբերումներ է ունեցել բռնարար ամուսնուց ազատագրվելուց հետո, որ երբեմն իր հավատն էլ չի գալիս:

«Եթե կինը բռնության մեջ ապրում է ու կարողանում է գոյատևել, ինքը դրսում ինքնուրույն ավելի լավ կապրի… Երբեք իմ այս մեկ օրվա ապրածը չեմ փոխի 9 տարվա ապրածիս հետ: Հիմա վայելում եմ ամեն մի օրս ու փորձում լրացնել կորցրած տարիներս»,- մեծ ոգևորությամբ պատմում է Հասմիկը, որը փորձում է քայլ առ քայլ դասավորել իր ապագան ծնողների, դստեր և որդու հետ:

Տեղի ունեցածից հետո ծնողների հետ Գավառից Երևան տեղափոխվելով՝ Հասմիկ Խաչատրյանը վերջին երեք տարիներին սեփական գործ է հիմնել՝ ընտանեկան փոքր բիզնես: Մայրաքաղաքի բնակիչներին Գավառի անուշահամ փախլավա և գաթա է հրամցնում՝ փոքրիկ թխարանից առաքելով խանութներ, սուպերմարկետներ, երբեմն էլ՝ անհատ պատվիրատուներին:

Այս ամենին հասնելու համար երկար ժամանակ, կամք ու համառություն է պահանջվել Հասմիկից, բայց հաջողությունները չէին լինի, եթե չլիներ մեկ գիշերվա շրջադարձային որոշումը՝ փախչել բռնարար ամուսնուց, որի հետ ապրում էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

«Ես ուղղակի փախա տնից, այդ օրը նախկին ամուսինս այնքան էր խփել ինձ ոտքերով, որ ականջիս թմբկաթաղանթը պատռվել էր, արյուն էր հոսում, հարվածներ էր հասցրել նաև գլխիս, ծխախոտով այրել էր ձեռքս: Մի կերպ մազապուրծ եղա, փախա տնից ու ողջ գիշեր թաքնվեցի գյուղի գետի մոտ: Եթե այդ օրը չփախչեի, երևի կենդանի չէի մնա, ինձ կսպաներ»:

Ավելին՝ այստեղ

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան

Տեքստը՝ Լիլիթ Առաքելյան