Մանվել Գրիգորյան. Առատաձե՞ռնը, թե՞ հարկադիր շռայլը

27-10-2018
2035 դիտում
Մանվել Գրիգորյան. Առատաձե՞ռնը, թե՞ հարկադիր շռայլը

Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը պետությանն է նվիրում 10,5 մլն դոլար գնահատված իր սեփականությունը՝ Ակնալճի կուղբագործական տնտեսությունը: Կուղբերը հենց այն են, ինչը պակասում էր մեր պետությանը: Հիմա մեր տնտեսությունը կծաղկի: Ես, անկեղծ ասած, մեր երկրում կուղբերի արդյունագործական նշանակության մասին ոչինչ չեմ լսել. եթե նրանց բուծում էին մորթու համար, սա բնապահպանական հարց է, եւ պետությունը պետք է այդ «նվերից» տարանջատի կուղբերի կյանքի իրավունքը: Որովհետեւ բուծել են, որ սպանեն խեղճ կենդանիներին:

Ես նույնիսկ չգիտեմ՝ լա՞վ է արել գեներալը, որ նվիրել է, թե՝ ոչ: Բայց ինչու՞ է հիմա նվիրում: Կալանավայրում Աստվածաշնչի պարտադիր ընթերցումնե՞ր են, թե ինչ: Եվ ընդհանրապես, ի՞նչ կա այդ հիվանդ, ըստ որոշ տեղեկությունների, կես մարդ դառած այդ նախկին բդեշխի գործից: Արդյո՞ք նրա հանցանքի ծավալները նույնքան անընդգրկուն են, որքան՝ նրա ունեցվածքը: Պետք է միայն հուսալ, որ պաշտոնաթող գեներալը կամավոր է գնացել այդ քայլին եւ պետք է հուսալ, որ ինքը մի օր կունենա այն հարցի պատասխանը, թե ինչ կարիք կար հարստանալու այնպիսի ճանապարհներով, որ ստիպված լինես ունեցվածքիդ մի հսկա մաս ոչ թե վաճառել, այլ՝ նվիրաբերել:

Պետությունն անշուշտ ծնկի է բերել Էջմիածնի տարածաշրջանի այս երբեմնի տեր ու տիրակալին, մարդկանց սարսափին, խրամատներից չփախչելու «գաղափարախոսին»:

Ո՞վ է կասկածում, որ Հայաստանում այսօր քիչ չեն մարդիկ, որոնք «նվիրաբերելու» շատ բան ունեն պետությանը: Ռոբերտ Քոչարյանը խոսում էր որդու օրինավոր բիզնեսմեն լինելուց եւ թե ինչ բարեխիղճ է կուտակել իր միլիոնները: ՀՀ երբեմնի նախագահը էթիկայի զրո զգացում ունի, նա երեկ, այսօր եւ միշտ պետք է խոսի նրանցից, որոնք չեն կարողացել նույնիսկ 100 դոլար աշխատել իր օրոք:

Մանվել Գրիգորյանը չի պատմել, թե որտեղից իրեն այդ կուղբագործական տնտեսությունը: 300 հեկտար տարածք նա վերածել է արդյունավետ միջավայրի: Բայց գուցե պարզվել է, որ նվիրաբերած գումարի կրկնակի՞ն են այն հարկերը, որոնք երկրի գլխավոր կուղբագործը թաքցրել է պետությունից: Գուցե այդ մարդն այլեւս կանխիկ գումար չունի՞ վերադարձնելու պատճառած վնասը:

Պարզ է նաեւ, որ ինքը չէր կարող Հայաստանի Հանրապետությանը նվիրել Ղարաբաղի անվտանգության գոտում գտնվող հազարավոր հեկտարների հասնող մրգատու այգիները, որոնք մեր զինվորներն են խնամել տասնյակ տարիներ: ՀՀ-ն իրավաբանորեն կապ չունի այդ այգիներում «թաղված» հարկերի հետ:

Այսպիսով Մանվել Գրիգորյանը «մեծահոգի» է որպես քրեական մի քանի արարքների մեջ կասկածվող անձ, նա «մեծահոգի» է որպես մի մարդ, որն ի պաշտոնե չէր կարող կալվածքների տեր լինել, այդ մարդը «մեծահոգի» է իսկապես դժվար բացատրվող մի վիճակում՝ հիմա լա՞վ է արել, որ «նվիրաբերել» է, թե, այնուամենայնիվ, հարկադրված է արել:

Հեղափոխությունը նոր «մշակույթ» է մտցնելու Հայաստան՝ քրեական գործերով անցնողները շուտով զարմանալի շռայլ են լինելու:

Արդեն իսկ բազմաթիվ գործերով տարբեր անձինք մի քանի հարյուր միլիոնի հասնող դրամներ են վերադարձնում պետբյուջե: Սա հարկադրված «նվիրաբերումն» է, երբ բացահայտ վերադարձնում են չդատապարտվելու վախից:

Բայց կլինեն նաեւ այսպիսինները՝ երբ պարզապես կտեղեկանաս, որ նախկին մի բարձրաստիճան չինովնիկ պետությանն է նվիրել իր կազինոն կամ ձկնագործական ընկերությունները: Իրենք էլ գիտեն «չնվիրաբերելու» գինը:

Առատություն նրանց ձեռքին:

Մհեր Արշակյան

MediaLab.am