«Ես կողմնակից եմ, որ եթե պետությանը հասցված վնասը վերականգնվի, մարդիկ չպետք է դատապարտվեն». Արթուր Վանեցյան

15-12-2018
941 դիտում
«Ես կողմնակից եմ, որ եթե պետությանը հասցված վնասը վերականգնվի, մարդիկ չպետք է դատապարտվեն». Արթուր Վանեցյան

Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի գործը կարող է կարճվել, եթե նա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրի պետությանը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանցյանը՝ անդրադառնալով հարուցված քրեական  գործին: Նա նշեց, որ կարող է կարճվել, բայց պետք է հաշվի առնել, թե ինչ հիքմով:

Վանեցյանն ասաց, որ տեղեկություններ էին ստացել, որ «Գոլդեն Փելես» -ը  գրանցված է օֆշորային ընկերության անունով, որպեսզի թաքցնեն իրական սեփականատրրոջը: Իրականացված օպերատիվ հետախուզության արդյունքում պարզվել է, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը հանդիսանում են Արմեն Ավետիսյանի որդին ու մայրը:

«Պարոն Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը»,- հավելեց Վանեցյանը:  Թեև դա մեղմացուցիչ հանգամանք է, բայց իրավական վերջնական լուծումը կտրվի քննություն իրականացնող մարմնի կողմից: «Ներկայումս քննությունն իրականցնում է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը»,- հավելեց Վանեցյանը:

Նա նշեց, որ Ավետիսյանն արդեն դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ գույքը նվիրաբերելու համար:

«Իհարկե, վերջում կարճվելու է գործը: Կարճվելու է, բայց կարճվելու տարբեր ձևեր կան, կա դատարանով կարճում, հանցակազմի բացակայության, համաներումով և այլն: Այս պահին ես չեմ կարող ասել, թե որով կլինի: Ես կողմնակից եմ, որ եթե պետությանը հասցված վնասը վերականգնվի, մարդիկ չպետք է դատապարտվեն: Բայց, իհարկե, ամեն ինչ պետք է տեղի ունենա գործող օրենսդրության շրջանակներում: Եթե հիմա մենք ասում ենք՝ պետք է այս մարդը գնա նստի, լավ, գնաց, պետությանը հասցվել է X չափի վնաս, այդ մարդուն հայտնաբերեցինք, տարանք նստացրեցինք, բայց նա փողը չի տալիս, գույքը չի տալիս, ի՞նչ է դրանից փոխվում: Եթե մարդը հանցագործություն է կատարել, որն ուղղված է եղել անձի առողջությանը, պետականության դեմ, սահմանի խախտմանը և այյն դա այլ հարց է, իսկ ի՞նչ է տալիս մեզ տնտեսական հանցագործություն իրականացրած անձին դատապարտելը »,- նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝  նույն տրամաբանությունը կարո՞ղ է գործել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դեպքում, քանի որ նա էլ պատրաստակամություն էր հայտնել 30 մլն դոլար նվիրել պետությանը, ԱԱԾ տնօրենը նման պատասխան տվեց.

«Ալեքսանդր Սարգսյանի մասին այս պահին հստակ հայտարարություն չեմ կարող անել, որովհետև քննությունն  ընթանում է: Եթե օրենսդրությունը թույլատրեց, կնայենք: Այո, ես կողմնակից եմ, որ պետության վնասը վերականգվի, մարդը ազատվի պատժից»,-նշեց Վանեցյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am