Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ. ձեռնարկվում են նաև որոշակի քայլեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արծրուն Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամի հայտարարությունը, թե Իրանն ավելի կոշտ քայլերի է դիմելու, եթե երկրի տարածք արկեր ընկնեն:
«Իրանի կողմից մի քանի անգամ տեսել ենք քաղաքական և նաև այս դեպքում ռազմական գործչի ղեկավարի հայտարարությունները: Իրանը ձեռնարկում է որոշակի այլ քայլեր և չի սահմանափակվում միայն հայտարարություններով »,- նշեց Հովհաննիսյանը: