ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն է արտահայտել հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման կապակցությամբ՝ ի խախտումն միջազգային իրավունքի։

ԱԳ նախարարը դատապարտել է հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս ռազմական գործողություններին անմիջական ներգրավման միջոցով տարածաշրջանում ապակայունություն սերմանելու Թուրքիայի գործելաոճը։

Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։

Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։