Հայկական կողմը հերքում է Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ կրակելու ադրբեջանական կեղծիքը

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի գրոհները, որոնք ձեռնարկվել են՝ անտեսելով կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը: «Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը:

Ադրբեջանական ստորաբաժանումները, սակայն, ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։