ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Նախագծի հեղինակները փորձում են սահմանել այն լրատվամիջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները:
Այս նախագծի վերաբերյալ խմբագիրները և փորձագետներն իրենց կարծիքն ու մտահոգություններն են արտահայտել «Օրենքի նախագիծ. ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը» քննարկման ընթացքում:
«Այս օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը չկա: Դաշտն առանց այն էլ կարգավորված է, եթե լրատվամիջոցը հրապարակում է զրպարտություն և վիրավորանք, այսօր էլ կարող է պատասխանատվության ենթարկվել, ուրեմն այլևս լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն չկա»,- ասում է Աննա Իսրայելյանը՝ առցանց «Առավոտի» խմբագիրը:
«Աստիճանաբար անհրաժեշտություն է առաջանում լրագրող-մոդերատորներ ունենալու: Եթե լրատվամիջոցն իր վրա պատասխանատվություն է վերցրել մեկնաբանությունների դաշտ ունենալու, ապա մոդերատորներ էլ պետք է ունենա՝ այդ դաշտը կարգավորելու համար: «Մեդիամաքսում» այդպես է, և մարդիկ վիրավորանքներ տարածելիս՝ նախ զգուշացվում են, կրկնելու դեպքում կարող է նրանց մուտքն ուղղակի արգելափակվել»,- նշում է Դավիթ Ալավերդյանը՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրը:
«Կան շատ լրատվական կայքեր, որոնք անհեթեթ գործունեություն են ծավալում, ինչ-որ մեկի ֆեյսբուքյան ստատուսը կարող է դառնալ նորություն և հայտնվել հիմնական լրահոսում, բայց խնդիրն այն է, որ անհայտ օգտատերը՝ ֆեյքը, իրավաբանական կատեգորիա չէ, այդպիսի կատեգորիա չկա, մենք չենք կարող այն օրենսդրական դաշտ բերել», -կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Լրատվամիջոցների ինքնակարգավորումն է միանշանակ ճիշտ ճանապարհը՝ ելնելով էթիկայի նորմերից: Այս օրենքի արդյունավետությունը պետք է հակադրել հանրային շահին: Այս օրինագծում պետք չէ որևէ բան փոխել, մշակել. այն ուղղակի պետք չէ մեզ»,- ասում է մեդիա փորձագետ Արթուր Պապյանը:
«Լուրջ խնդիր չեմ տեսնում, սա ավելի շատ քարոզչական ակցիա է. խնդիր կա ցույց տալու, որ «մենք կարող ենք վերահսկել» ընդհանուր դաշտը: ԱԺ-ն, որ ինքը վիրավորանքների լեգիտիմացնողն է, փորձում է պայքարել այդ վիրավորանքների դեմ»,-ասում է Վարուժան Բաբաջանյանը՝ lurer.com և mediamall.am կայքերի խմբագիրը:
«Երկրները փորձում են որքան հնարավոր է լայն օրենսդրական նորմերով կարգավորել ինտերնետը, որովհետև շատ արագ զարգացող տիրույթ է, մնացածը թողնել դատարաններին: Ինտերնետը շատ արագ է զարգանում, օրենսդիրը միշտ մեկ քայլ հետ է մնալու: Չարժե լրագրողական ազատությունը զոհել՝ փորձելու կարգավորել ինտերնետային դաշտն օրենսդրական նորմերով»,- կարծում է իրավաբան Արա Ղազարյանը:
«Մեդիա կենտրոն»