Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունն ուղիղ վիրավորանք է Ռուսաստանի հասցեին. թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունն ուղիղ վիրավորանք է Ռուսաստանի Դաշնությանը:

Մելքոնյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես  Ռուսաստանի տարածք և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

«Ղրիմի հարցի արծարծումը նոր չի թուրքական պաշտոնական հռետորաբանության մեջ: Դրանով կարծում եմ հարվածել է մի քանի թիրախի և, բնականաբար, առաջնային թիրախը Ռուսաստանն է: Ղրիմի հարցի նման ձևակերպումները, որ Թուրքիան երբեք չի ճանաչի այն որպես Ռուսաստանի տարածք, ուղիղ ակնարկ ու վիրավորանք է Ռուսաստանին: Այստեղ կան շատ վատ քողարկված պանթյուրքիստական շեշտադրումներ, հատկապես Ղրիմի թաթարների հետ կապված»,– նշեց թուրքագետը:

Մելքոնյանի խոսքով՝ Էրդողանը շարունակում է մնալ Օսմանյան կայսերական և ծավալապաշտական մտածողության ճիրաններում: Նրա կարծիքով՝ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հնչեցրած շեշտադրումներում, թե իրենք չեն ճանաչում Ղրիմի ինքնորոշման իրավունքը, ուղիղ զուգահեռներ կան նաև Արցախի հարցի հետ: Ավելին՝ սկզբնաղբյուրում։