Չափազանց կարևոր է, որ նվիրատվություններ կատարվեն, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, և մեր հերոսները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը կայուն է․ Վարուժան Ավետիքյան

Չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի վճարել է յուրաքանչյուր ամիս 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Հիմնադրամի տնօրենի ներկայացմամբ, յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրվում է 120 հազար դոլարից մինչև շուրջ 160 հազար դոլար։ Հատուցումները տրամադրվում են երկու եղանակով․

«Աառաջինը՝ միանվագ վճարն է, որը հատկացվ է տվյալ ընտանիքին կամ հաշմանդամ դարձած զինծառայողինՏասը միլիոն դրամ, եթե զոհված է, անհետ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի, 5 միլիոն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։

Այնուհետև՝ 240 ամիս շարունակ, բացելով հաշիվներ բանկերում, այդ հաշիվներին ենք փոխանցում գումարները 100 հազարից մինչև 300 հազար դրամ։ Եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում»։

Ավետիքյանը տեղեկացրեց, որ պատերազմի սկզբից մինչ օրս 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Հիմնադրամն ունի միայն մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Սեպտեմբերի 27-ից սկսած կարողացել ենք հավաքագրել 4,5 մլն դոլար, այդ վճարումների 80%-ը ստացվել է Հայաստանից, հետո ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչպես նաև Կիպրոսից, որտեղից 240 հազար դոլարի նվիրաբերություն է կատարվել: Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները մեզ կատարեն նվիրատվություններ, որովհետև պատերազմը, ցավոք, դեռ չի ավարտվել, մի օր հաստատ ավարտվելու է մեր հաղթանակով, իսկ մինչ այդ պետք է սահմանին կանգնած մեր հերոսները վստահ լինեն, որ իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը կայուն է»,- ասաց Ավետիքյանը: