Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում
Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված  «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA)  ծրագրի արդյունքների ամփոփմանը:

Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց   համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով:

Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան բուհերից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը:

PICQA-ն TEMPUS-ի իրականացրած եռամյա ծրագիր է, որը կոչված է Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

Ծրագրի իրականացման ընթացքում երկու երկրների բուհերը սերտորեն համագործակցել են, բուհական համակարգերի միջև համագործակցության եզրեր են ստեղծվել, ձևավորվել է վստահության և փոխգործակցության մթնոլորտ:

Այս մասին տեղեկացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մամուլի ծառայությունը:
 
© Medialab.am