2008-2013 թվականներին կառավարությունը ավելի քան 50% ավելացրել է ջրօգտագործման ծավալները․ Էրիկ Գրիգորյանը բացահայտումներ է արել

2008-2013 թվականներին կառավարությունը ավելի քան 50% ավելացրել է ջրօգտագործման ծավալները․ Էրիկ Գրիգորյանը բացահայտումներ է արել
2008-2013 թվականներին կառավարությունը ավելի քան 50% ավելացրել է ջրօգտագործման ծավալները․ Էրիկ Գրիգորյանը բացահայտումներ է արել

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայաստանում կա երկու մեծ ջրավազան, մեկը Սևանա լիճը, մյուսը Արարատյան արտեզյան ավազանը, երկուսի կառավարումն էլ մենք հանձնել ենք կառավարությանը, որը իր լիազոր մարմինների միջոցով պարտավոր էր իրականացնել ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը:

Սևանա լիճը 2001 թվին ընդունված Սևանի մասին օրենքով և հատուկ պահպանված տարածքների մասին օրենքով պահպանված է եղել, սահմանված էր տարեկամ առավելագույն թողքերի չափը՝ 170 մլն մ3, ինչպես նաև օրենքում նշված էր, որ բացասական հաշվեկշիռ չի կարող լինել:

Երկրորդ ջրավազանը՝ Արարատյան արտեզյանը, որևէ սահմանափակում չի ունեցել, որի պատճառով արդեն 2007 թվականին ջրօգտագործման ծավալը գերազանցել է թույլատրելի 34.6 մ3/վայրկյան չափը և կազմել 36.4 մ3/վայրկյան: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը գնում, հաշվի առեք, որ Երևան մտնում է 15 մ3/վ ջուր, որից մոտ 12մ3/վ կորուստներն են, այսինքն ավելի քան մեկ միլիոն մարդ օգտագործում է ընդամենը 2-3մ3/վ ջուր:

Սակայն 2007 թվականին՝ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրելու գործընթացը սառեցնելու փոխարեն լիազոր մարմինը սկսում է առավել մեծ ինտենսիվությամբ տրամադրել ջրօգտոգործման թույլտվություններ և 2008-2013 թվականներին ավելի քան 50% ավելացնում է ջրօգտագործման ծավալները: Միայն ձկնաբուծության համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների ծավալները աճում են ավելի քան 3 անգամ՝ 12 մ3/վ-ից դառնալով 35.4մ3/վ, (202 ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար ընդհանուր 22.17մ3/վ ծավալով): 
Ինչ է տեղի ունենում հետագայում՝ 

• Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվում է 32 760 հա-ից մինչև 10 706 հա:
• 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվում է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:

• Խմելու-կենցաղային և ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր չի շատրվանում:

• Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում:

• Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը կրճատվում են ավելի քան 6 անգամ՝ վտանգելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:

• Մասիսի տարածաշրջանում մակարդակները նվազում են 3,9-15,0 մետրով, ջրերի ծախսի 43,7-198,0 լ/վրկ նվազումով:

• Էջմիածնի տարածաշրջանում ստորերկրյա ջրերի մակարդակները հորատանցքերում նվազում 2,5-11,7 մետրով, ջրերի ծախսի 34,0-168,0 լ/վրկ նվազումով:

• Հորատանցքերի միջև սահմանված 400-1000 մ հեռավորությունը չպահպանելու արդյունքում ջրատար հորիզոնների միջև գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապի արհեստական խախտում , ինչը հանգեցում է ջրերի քիմիական կազմի փոփոխությանը՝ ջրերի հանքայնացման 0,3 գ/լ-ով ավելացմամբ:

• Ոռոգման նորմայի 10-20% ավելացում և այլն

Ի՞նչ է առաջարկում կառավարությունը՝ արդյոք գտնել կառավարման թերությունները, բացերը, պատասխանատուներին՝ ՈՉ, կառավարությունը առաջարկում է ….. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

ջրի պահանջարկը բավարարելու նպատակով ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ 77,2 մլն. մ3 ծավալով լրացուցիչ ջրի բացթողում»