Մահացած Հայկ Կալեյանի գործով ներկայացվել են 2 վերաքննիչ բողոքներ

Մահացած Հայկ Կալեյանի գործով ներկայացվել են 2 վերաքննիչ բողոքներ
Մահացած Հայկ Կալեյանի գործով ներկայացվել են 2 վերաքննիչ բողոքներ

2014 թվականի ապրիլի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ե. Դարբինյանի, սկսվեց ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով կայացված դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի և ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը, վերջինիս շահերի պաշտպան Ա. Իսրայելյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը:

Գործով մյուս ամբաստանյալները չէին ներկայացել զորավարժությունների մեջ գտնվելու, իսկ մեղադրող կողմը՝ աշխատանքային զբաղվածության պատճառով: Դատաքննության ընթացքում դատարանը հրապարակեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտի բովանդակությունը և դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների էությունը:

Ս. Դոմբրյանի փաստաբանն իր վերաքննիչ բողոքով խնդրել էր Ս. Դոմբրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով մեղսագրվող 3 դրվագները վերաորակել 360-րդ հոդվածով և նշանակել ավելի մեղմ պատիժ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Ներկայացված վերաքննիչ բողոքների դեմ ՀՀ զինվորական դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունը ներկայացրել էր պատասխաններ և գտել, որ կայացված դատական ակտը օրինական է, իսկ վերաքննիչ բողոքները ենթակա են  մերժման:

Դատաքննությանը ներկա գտնվող կողմերն անհրաժեշտ համարեցին մեղադրող կողմի ներկայությունը դատավարությանը, և, բավարարելով ներկայացած միջնորդությունները, նահագահող դատավոր Ե. Դարբինյանը հետաձգեց դատական նիստը՝ մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու նպատակով: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թվականի ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին:

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am