Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը․
«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները եւ ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝
1. Լուսանկարներից մեկում երեւացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, եւ անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:
2. Մեկ այլ լուսանկարում երեւացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, եւ հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը:
3. Երրորդ լուսանկարում երեւացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է եւ այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչեւ 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, եւ դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը, կարեւորելով պատերազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, ընդգծում է, որ առ այսօր որեւէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այնուամենայնիվ, Պաշտպանը հորդորում է բոլորին զգուշավորություն ցուցաբերել զենքերի հետ մինչեւ 15 տարեկան երեխաների շփման հարցում: