Բարբարոսություն Երեւանի կենտրոնում

Բարբարոսություն Երեւանի կենտրոնում
Բարբարոսություն Երեւանի կենտրոնում

Երևանի կենտրոնում՝ Արամի և Բյուզանդի փողոցների միջանամսում «Հին Երևան» թաղամաս ստեղծելու նախագիծը տարիներ շարունակ կյանքի չի կոչվում, իսկ կիսաքանդ տարածքում մարդիկ են ապրում, ովքեր անորոշության մեջ են հայտնվել:

Խնդիրն այն է, որ մոտ 10 տարի է՝ այս տարածքի բնակիչները տեղեկացվել են, որ իրենց տների փոխարեն Երևանի տաբեր թաղամասերի պատմամշակութային հուշարձաններն են հավաքվելու, իսկ բնակելի տները քանդվելու են: Սակայն Երևանի քաղաքապետարանը, որը ժամանակին հանդես էր եկել «Հին Երևան» նախագծով, խնդրին լուծում չի տալիս:

Տարածքի բնակիչները, ովքեր խուսափում են տեսախցիկի առջև խոսել՝ խոստովանելով, որ վախենում են ու ոչ ոքի չեն հավատում, Lragir.am-ին ասացին, որ Երևանի քաղաքապետարանը վերջին անգամ իրենց ասել է, որ 2015 թվականը վերջնաժամկետն է, այսինքն՝ մինչև այդ նրանց բնակարանները պետք է քանդվեն:

«2015 թվականին շատ քիչ է մնացել, ու հիմա մենք չգիտենք ինչ անենք, քաղաքապետարանից ոչ մի հստակ պատասխան չեն տալիս մեզ»,- ասում են մարդիկ: Իսկ վախենալու պատճառ նրանք ունեն, քանի որ իրենց աչքով են տեսել, թե ինչպես են տարիներ առաջ պետական կարիքների համար իրենց հարևաններին ծեծելով վտարել սեփական տներից: Ապրելով կիսաքանդ տներում՝ այս տարածքի մարդիկ դժվարին պայմաններում են հայտնվել՝ ոչ կարողանում են վաճառել տները, ոչ վերանորոգել, ոչ էլ գրավադրել որևէ բանկում՝ վարկեր ստանալու նպատակով: Ասում են, որ պետության պատանդն են դարձել:

«Պետական կարիքներ զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը Lragir.am-ի հետ զրույցում նկատում է, որ պետությունն այսօր ոտնահարում է տարածքում ապրող բնակիչների սեփականության իրավունքը: Դրան զուգահեռ, պետությունը հուշարձանների պահպանության հարցն այսօր չի կարողանում լուծել: Հենց Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում, որտեղ պետք է իբր կյանքի կոչվի «Հին Երևան» նախագիծը, կան մի շարք հուշարձան շենքեր, որոնք այսօր կիսաքանդ են ու աղբավայրի են վերածվել:

«Եթե դրանք հուշարձան շենքեր են, ինչո՞ւ են քանդում, կարող են պահպանել: Արդեն ինը տարի է՝ ասում են, որ այստեղ պետք է բերվեն Հյուսիսային պողոտայում քանդված հուշարձաններն ու Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների տունը: Միանշանակ կարող եմ ասել, որ այս ծրագիրը չի իրականանա, քանի որ մեր կառավարության աշխատաոճը շատ ցավալի է»,- նշեց նա:

Սեդրակ Բաղդասարյանը վստահ է, որ պետությունն այս նախագիծը կյանքի չի կոչում ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ մասնավոր ներդրողները չեն ցանկանում ներգրավվել, քանի որ դրանից շահույթ չեն ստանալու: Քանի որ նախագծի մասին մշտապես հայտարարություններով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանը, «Պետական կարիքներ զոհեր» հասարակական կազմակերպության նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ է անում չշռայլել Երևանի բյուջետային միջոցները և գումարներ հատկացնել առաջնահերթ պահպանության կարքի ունեցող հուշարձանների համար: Կարդալ ավելին