Սերժ Սարգսյան. Հոգիների առևտրականը

Մեր շարքի առաջին հերոսը ծնվել է փոթորկալից 1954-ին, երբ Նիկիտա Խրուշչովի թեթև ձեռամբ Ղրիմի թերակղզին փոխանցվեց Խորհրդային Ուկրաինային, իսկ Պարագվայում ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկավ Լատինական Ամերիկայի պատմության ամենաերիտասարդ գեներալ ու ամենաերկարակյաց դիկտատոր Ալֆրեդո Ստրեսները։ 

Լինելով հայրենիքի դավաճանների պիտակ ստացած և 1937 թ. բռնաճնշումների ենթարկված ընտանիքի զավակ՝ մեր այսօրվա հերոսը, այնուամենայնիվ, կարողացավ յուրացնել խորհրդային վարչահրամայական համակարգի ու նոմենկլատուրայի նյուանսները, որոնք էլ նրա հետագա պաշտոնեական առաջխաղացման հիմնական կռվանները դարձան։

Համաձայն իր հարցազրույցների՝ մեր բարեկամը մանկուց երազել է պատմաբան դառնալ, բայց արդեն 10-րդ դասարանում հասկացել է, որ ավելի շատ է սիրում հայոց լեզուն, գրականությունը, և որոշել է դառնալ հայոց լեզվի և գրականության մասնագետ: Սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ցավոք՝ այդպես էլ չկարողանալով մասնագիտությամբ աշխատել։ 

Լինելով ուսյալ ու կրքոտ երիտասարդ, ծառայելով հեռավոր Ուրալի խորհրդային զորքերում՝ մեր հերոսը վերադառնում է հայրենիք և շարունակելով խորհրդային երիտասարդության ուղին՝ դառնում կոմերիտական և ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու։ 

Ավելին, դրսևորելով կազմակերպչական ու ինտելեկտուալ բարձր որակներ` ստանձնում է տեղական կոմերիտական ղեկավարի ծանր պարտականությունները՝ գլխավորելով ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և սպորտով զբաղվող բաժինը։ 

Հատկապես «ռազմահայրենասիրությունն» էլ կդառնա նրա քաղաքական կարիերայի և դրա գաղափարաբանական հենքի հիմնական գործիքը։ 

Այդ ժամանակ՝ 1979 թ., հասկանալով, որ իր նկատմամբ ղեկավար պաշտոն զբաղեցնելու բացառություն են արել, ըմբռնել էր խորհրդային ազգային քաղաքականության ողջ թշվառությունը և հասկացել էր, որ հումանիտար կրթությամբ հայամետ երիտասարդներին չի խրախուսվում առաջին էշելոնի պաշտոններ զբաղեցնել ինքնավար հանրապետություններում։ 

Մեր սիրելի ընթերցողը երևի հասկացավ, որ խոսքը Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող ԼՂԻՄ-ի մասին էր։ Հետագայում գործընկերների կողմից կնքված «համբերատար բանակցողն» էլ էր դա հասկացել և իր համար որոշել, որ արդեն 1979 թ.-ից, դեռևս 10 տարի մինչև Ղարաբաղյան շարժումը, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի: 

Ղարաբաղյան շարժման ժամանակ նա արդեն հասունության շեմը բոլորած կրքոտ երիտասարդ էր, ուժերի ծաղկուն շրջանում, տակավին նոր բոլորած 34-ամյակը։ 

Լինելով կուսակցական աշխատող՝ ինքն ու իր գործընկերները տեսնում էին, թե ինչպիսի դամոկլյան սուր է կախված ԼՂԻՄ-ի գլխին․ ժողովրդագրական ու քաղաքական փոփոխություններ, գորբաչովյան պերեստրոյկա և այլն։ Մի խումբ խիզախ ընկերների հետ առաջին օրերից միացան պայքարին և հայրենիքի ու կուսակցության միջև ընտրեցին հայրենիքը։ 

Մեր այսօրվա հերոսը իր հետագա հարցազրույցներում էլ այն գիծն էր շարունակում, որ Ղարաբաղն ու ղարաբաղցիներին չէր կարելի բախտի քմահաճույքին թողնել և թույլ տալ Ղարաբաղի հայաթափումը, իսկ հետո երգեր հնարել կորսված տարածքների մասին։ 

Այլ հարց է իհարկե, որ իր քաղաքական կարիերայում և որոշումների հետագծում մենք այդպես էլ չնշմարեցինք ուժեղ Հայաստանի այն տեսլականը, որը թույլ չէր տա Ղարաբաղի հարցի ռազմական լուծում ու հայաթափում, բայց դա արդեն այլ օպերայից էր։ 

1979-1988 թվականներին աշխատելով ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական՝ մեր հերոսը լավագույնս է սերտում կուսակցաշինության ու ներքին խարդավանքների ու վայրիվերումների նուրբ արվեստը։ 

Արդեն Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակցության ու անկախության շրջանում դառնում է ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհրդի պատգամավոր, և այդտեղ էլ արդեն շարունակվում է նրա հայաստանյան քաղաքական կարիերայի սրընթաց վերելքը։ 

Վազգեն Մանուկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո՝ 1993-1995 թթ., ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, ապա 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար։ Այս տարիներն են, որ թե՛ ճակատագրական, թե՛ քաղաքական առումով շրջադարձային են դառնում մեր հերոսի համար։ 

Հավանաբար ընթերցողը վաղուց է գուշակել, որ խոսքը ՀՀ երրորդ նախագահ և գաղջագիտությունը հանրային դիսկուրսի առանցք դարձրած Սերժ Սարգսյանի մասին է։ 

«Եթե անդրադառնամ գիտությանը, որով զբաղվում եմ, ապա պետք է հիշատակեմ մի հռչակավոր գերմանացի սոցիոլոգի` Մաքս Վեբերի, ով հատկապես զբաղվել է նաև քաղաքական գործիչների վերլուծությամբ: Եվ նա մի անգամ ասել է, որ քաղաքական գործիչը դա մի կոմբինացիա է` իրազեկությունից, գրքից և աչքաչափից»։ 

Հիրավի մարգարեական խոսքեր, որոնք հարիր են Սերժ Սարգսյանի հանրային կյանքի քաղաքական ուղեգծին ու նրբերանգներին։ Մեր պարագայում տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը մի կոմբինացիա էր իրազեկությունից, աչքաչափից ու խարդավանքներից։ Զբաղեցնելով նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր ուժային կառույցների ղեկավար պաշտոնները՝ Սերժ Սարգսյանը իրապես գնահատում էր իրազեկությունը՝ կոմպրոմատային պատերազմը, աչքաչափն ու իհարկե պալատական խարդավանքները։ 

1996 թ. խնդրահարույց նախագահական ընտություններից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի առջև գերհզոր նախարարների՝ Վանո Սիրադեղյանի ու Վազգեն Սարգսյանի քաղաքական կշռի չեզոքացման հարցն էր ծագել, բնավ ոչ պատահաբար, դրա լուծման բանալին գտնվեց ի դեմս Սերժ Սարգսյանի։ Տեր-Պետրոսյանը ասպարեզից հեռացրեց Վանո Սիրադեղյանին՝ դարձնելով Երևանի քաղաքապետ և, միաժամանակ, ազգային անվտանգությունն ու ներքին գործերի նախարարությունը միավորելով՝ տվեց Սերժ Սարգսյանին՝ հույս ունենալով հակակշռել գերհզոր սուպերնախարար Վազգեն Սարգսյանին։ 

Եվ իրազեկ ու աչքաբաց Սերժ Սարգսյանը կարծես թե ստեղծված էր այդ դերակատարման համար։ Այլ հարց, որ արդեն 1998-ին նույն Սերժ Սարգսյանը, միավորվելով իր վաղեմի դաշնակից ու պարտիական կուսընկեր Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ, պալատական հեղաշրջմամբ տապալեց իրենց բոլորի քաղաքական ուղին հարթած Լևոն Տեր-Պետրոսյանին։ 

Հունական ավանդապատումների լավագույն ավանդույթներով՝ որդիները տապալեցին հորը՝ նոր դարաշրջան բերելով Հայաստանում ու Արցախում։ Իրադարձություններից առաջ ընկնելով ասենք, որ «հայրասպանության» այդ դարաշրջանը, ցավոք, աղետների ու նոր մարտահրավերների շրջափուլ էր, որն էլ ավարտվեց 2020 թ. Ղարաբաղյան երրորդ պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայով։ 

Արդյունքում իհարկե շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Սարգսյան-Քոչարյան-Սարգսյան ժամանակավոր եռապետությունը պալատական հեղաշրջմամբ հեռացրեց Տեր-Պետրոսյանին։ Իսկ հետո ժանրի լավագույն կանոններով՝ եռապետերից երկուսը՝ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, արյունոտ ճանապարհով հեռացվեցին ասպարեզից։ Դժվար է ասել, թե որտեղ էր այդ օպերացիայի ուղեղային կենտրոնը, իսկ որտեղ՝ մենեջմենթը։ ԿԳԲ-ի մագաղաթները դեռ լռում են այդ մասին․․․

Երկպետության պայմաններում, քանի որ խարդավանքի ու աչքաչափի մասնագիտացումը հարմար է երկրորդ պլանի դերակատարման պայմաններում, առաջնայնությունը զիջեց Քոչարյանին, դառնալով վերջինիս գորշ կարդինալը՝ աշխատակազմի ղեկավարի, պաշտպանության նախարարի ու վերջում էլ վարչապետի պաշտոններում։ 

Իսկ 2008-ին արդեն արդարացիորեն վաստակած ժամանակը Սերժ Սարգսյանինն էր։ Որքան էլ վերջինս իրեն միշտ կոմֆորտ էր զգում երկրորդ պլանում, բայց իրենց կառուցած բուրգի կենսունակության ու իշխանության վերարտադրության շահերը առաջնային էին, և Սերժ Սարգսյանը վերցրեց այդ ծանր ու պարտավորեցնող առաջին ջութակի դերը։ 

Իհարկե Տեր-Պետրոսյանը 2007-ից սկսած նախագահական ընտրարշավով փորձեց կազմաքանդել այդ իշխանության անցումի գործընթացը, բայց Սարգսյան-Քոչարյան ամենազոր զույգը՝ իրենց հայտնի ու սիրած գործիքով, մեկ անգամ ևս չեզոքացրին Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած շարժումը։ Արյունոտ Մարտի 1-ով սկսվեց Սերժ Սարգսյանի նախագահության դեկադը։ 

Լինելով բրեժնևյան լճացման տարիների գաղափարական հետևորդը ու լավագույն սանը՝ Սարգսյանը Հայաստանը թաղեց «կայունության» ճահճի մեջ։ 

Թեև մեկնարկել էր «Երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում: Ես պայքարելու եմ, որպեսզի աղքատությունը վերանա այս երկրից» կարգախոսով, սակայն պաշտոնական տվյալներով` Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 260 հազար քաղաքացիներով, աղքատությունը ավելացել է շուրջ 2 տոկոսով՝ 2016-ի տվյալներով հասնելով գրեթե 30 տոկոսի: Շուրջ 2 տոկոսով ավելացել է գործազրկությունը՝ հասնելով 18 տոկոսի: 

Միևնույն ժամանակ, աճել է պետական պարտքը՝ 2008-ի 1.9 մլրդ դոլարից հասնելով շուրջ 7 մլրդ դոլարի: Իսկ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցվեց որոշակի խոստումների դիմաց, որոնք կյանքի չկոչվեցին․․․

Քաղաքական առումով, դրանք «Կայուն լճացման տարիներ էին: Դրանք փոփոխությունների սպանության տարիներ էին, երբ որևէ մեկը փոփոխության ակնկալիքներ չունի»՝ մեկնաբանում էր լրագրող Թաթուլ Հակոբյանը։ 

Այդ ընթացքում նաև «արտադրում» էր թևավոր խոսքեր, որոնք հետագայում պետք է սարգսյանական Հայաստանի մթնոլորտի լավագույն նկարագիրը լինեին. «խիարը թարս ա աճում», «եկել, տոններս խանգարում ես որ ինչ անես», «ինչքան ուզես՝ էնքան խփենք», «գաղջ մթնոլորտ»։ 

Իսկ ազատ ժամանակ «Դիրեկտորը» զբաղվում էր հոգիների առքուվաճառքով։ Մի փոքրիկ նրբություն կար այստեղ՝ դրանք քաղաքական հոգիներ էին։ Նրան հաջողվեց չեզոքացնել իր գրեթե բոլոր քաղաքական հակառակորդներին։ Դրա լավագույն սիմվոլիզմն Արտաշես Գեղամյանն էր։ Սարգսյանի անխոնջ քննադատը, որը հետագայում պետք է հանգրվաներ ԱԺ-ում հենց Սարգսյանի ցուցակով։

Դու չես սխալվում, սիրելի՛ ընթերցող։ Այս համով ֆիլմի ագահ դերակատարը փոքրիկ Արտաշես Գեղամյանն է։ Դեր, որը կանխորոշեց նաև նրա հետագա քաղաքական կյանքը։

Որպես 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների շահառու՝ Սերժ Սարգսյանը գերցածր հանրային լեգիտիմություն ուներ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային գործընկերների շրջանում։ 

Շատերի կարծիքով՝ դրա համար էլ նախաձեռնվել էին թե՛ հայ-թուրքական արձանագրությունների օրակարգը, հայ-թուրքական երկխոսությունը և թե՛ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի քննարկումները։ 

Սակայն թե՛ առաջինը տապալվեց թուրքական կողմի նախաձեռնությամբ, և թե՛ երկրորդը վիժեցվեց՝ գլխավորապես արտաքին ճնշմամբ, և Հայաստանը մեկ գիշերում մտավ ԵԱՏՄ կազմ՝ է՛լ ավելի խորացնելով Հայաստանի Հանրապետության ռուսական կողմնորոշումը։ 

2013-ին արդեն նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտորեն վայելելով դրսի խաղացողների աջակցությունը և ներսի գաղջից հիասթափվածների կորովը՝ անսպասելի արդյունքներ ունեցավ, սակայն չկարողանալով այն կապիտալացնել, պաս պահեց և գնաց Վովա Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդ աղոթելու։ Հանրային դժգոհությունն էլ պարպվեց արտագաղթի նոր ալիքով։ 

2016-ին էլ տևական ժամանակի լեթարգիական քնից դուրս եկավ ղարաբաղյան կարգավորման փակուղին, ու պայթեց Ապրիլյան պատերազմը։ Արդեն բոլորի համար պարզ էր, որ ՀՀ-ն բանակցություններում տապալվել է, ստատուս քվոյի պահպանման քաղաքականությունը արկածախնդրություն էր, և որ նոր պատերազմը ժամանակի ու հանգամանքների հարց է այլևս ու սարերի հետևում չէ։ 

Զուգահեռաբար, ներքաղաքական կյանքում այդ տասնամյակում խորացավ ՀՀԿ քաղաքական մենաշնորհը՝ ամրապնդվելով ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ամերձ օլիգարխիայի տնտեսական և Միքայել Մինասյանի մեդիա մենաշնորհով։ 

Վերջակետն իհարկե ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտնի խոսքն էր, որ «եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»։ 

Արդյունքում էլ՝ այլընտրանքից զրկված հասարակությունում պայթեց 2018-ի հեղափոխությունը։

Իսկ Սերժ Սարգսյանը հեռացավ՝ քաջություն չունենալով հասարակությանն ասել, թե Աղդամից բացի էլ ի՛նչն իր հայրենիքը չէր։

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am