Պուտինը և Էրդողանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախօրեին ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Պեսկովն ընդգծել է, որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ բանակցություններին այս կամ այն երկրի մասնակցությանը:

Պեսկովը նաև նշել է, որ, չնայած ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը, մարտերը ԼՂ-ում շարունակվում են, ինչը ցավ և անհանգստություն է առաջացնում: Նա ընդգծել է, որ կայուն հրադադար չկա:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ»,- նշված էր Կրեմլի մամուլի ծառայության տարածած  հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռքբերման եւ ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին: