Հյուսիսում թշնամին փորձել է անցնել հետևակային գրոհի, բայց չեն կարողացել, կոտորվել են և հետ շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր, վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։

Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այդ մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ հյուսիսում, առանց երկար հրետանային նախապատրաստության, փորձել են անցնել հետևակային գրոհի, բայց չեն կարողացել, կոտորվել են և հետ շպրտվել։

«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ․ առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտ գործողություններով։ Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Մեր Զինված ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են», -հավելեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով, Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։ Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ։

«Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։ Մարտերը շարունակվում են», -նշեց Արծրուն Հովհաննիսյանը։