Ահաբեկչական խմբավորման անդամ սիրիացի երկրորդ վարձկանը ձերբակալվել է

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմում օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների:

Վերջիններս ներգրավվել են Արցախի բնակչության դեմ ահաբեկչությական բնույթի՝ մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողություններում:

Այդ գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի զինուժի կողմից ականանետային, հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի միջոցով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերին թիրախավորված հարցվածներ հասցնելով: 2020թ. նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետությում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից Թուրքիայի Հանրապետության միջոցով Ադրբեջանի Հանրապետություն տեղափոխված, վերը նկարագրված գործողություններին «Համդան» խմբավորման ջոկատի կազմում անմիջականորեն մասնակցություն ունեցած վարձկան, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին:

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2020թ. նոյեմբերի 2-ին վերջինս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով:Քննությունը շարունակվում է։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին