Հայաստանում կգործի ներառական առաջին պարային խումբը

Հայաստանում կգործի ներառական առաջին պարային խումբը
Հայաստանում կգործի ներառական առաջին պարային խումբը

Մայիսի 21-ին ժամը 17.00-ին «Մխիթար Սեբաստացի» (Րաֆֆու 57) կրթահամալիրում տեղի կունենա Candoco ներառական պարային խմբի մասնագետների դասընթացը Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Candoco պարային խումբը Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատարներից է և նրանց աջակցությամբ Հայաստանում կձևավորվի առաջին ներառական պարային խումբը:

Միացյալ Թագավորությունում և աշխարհի տարբեր երկրներում հանդես գալով ներառական պարային բեմադրություններով`Candoco-ն ապացուցեց, որ պարը որևէ մեկի մենաշնորհը չէ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները, վերացնում բոլոր կարծրատիպերը և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին: Հենց նրանց փորձառությամբ և աջակցությամբ Հայաստանում կձևավորվի հայկական առաջին ներառական պարային խումբը:

Մայիսի 11-ից 24-ը Հայաստան են այցելել Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական համաղեկավար Պեդրո Մաչադոն և պարուհի Վիկտորիա Մալինը`աշխատելու հայ մասնակիցների հետ:  Նրանք նախ հանդիպել են և դասընթացներ անցկացրել հայ դասընթացավարների հետ, իսկ այնուհետև սկսել են աշխատել այն մասնակիցների հետ, ովքեր ընդգրկվելու են առաջին ներառական պարային խմբում:

Բրիտանական խորհուրդը նախորդ տարի նախաձեռնեց «Պար` առանց սահմանների» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ձևավորել պրոֆեսիոնալ պարային ներառական խումբ: Այդ նպատակով Միացյալ Թագավորությունում վերապատրաստում անցան չորս դասընթացավար: Այնուհետև` փետրվարից,  Հայաստանում սկսվեցին եռօրյա պարապմունքների շարքը, որոնցում ընդգրկվեցին 54 մասնակից: Ավարտին նրանցից ընտրվել են 20-ը, ովքեր էլ մասնակցել են Candoco պարային խմբի դասընթացներին: Հենց նրանցից էլ Candoco-ի և հայ մասնագետները կընտրեն այն տասը մասնակիցներին, ովքեր էլ կկազմեն առաջին պրոֆեսինալ ներառական պարային խումբը: Ներառական պարային խումբը գործելու է Փոքր թատրոնին կից:

«Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, բրիտանահայ համայնքը, ԱՅԲ դպրոցը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Լուսանկարը` Ռոս Չեշիրի

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի «Պար` առանց սահմանների» ծրագրի համակարգող Գոհար Հարությունյանին` 055 001954, 010 55 29 45 (5120), [email protected] կամ այցելեք www.britishcouncil.am կայքը: