«Անհասկանալի է, թե ինչու, լռություն կար, երբ Հաց բերողը մահացավ բանտում, վերջին 21 տարիներին հասարակությանը ցնցող բոլոր դեպքերում». Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարոն Սիմոնյան, երեկ բավականին կոշտ արձագանքեցիք Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Վեհափառի հայտարարությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը գրառում է արել, որ հիասթափված է և մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ։ Ի՞նչ կարող եք ասել հնչող քննադատություններին։

– Ոչինչ չեմ կարող ասել, ես իմ ասելիքն ասել եմ և կարծում եմ՝ ժողովրդի գնահատականը և վերաբերմունքն իմ ասելիքին համահունչ են։ Եվ ինձ քննադատելու փոխարեն, կարծում եմ, ճիշտ կլինի զբաղվեն այն խնդիրներով, որ ունի եկեղեցին վերջին 21 տարիներին, այն է՝ հասարակությունից կտրված լինելը, Հայաստանի Հանրապետությունը ցնցած տարբեր իրադարձությունների հետ կապված մշտապես լռելը։ Իսկ եկեղեցի ասելով ամենևին նկատի չունեմ Վեհափառ տիրոջը, ես գիտակցում եմ, որ ինքն է եկեղեցու գլուխը, բայց, այնուամենայնիվ, իմ հավատքը, իմ վերաբերմունքը հանկարծ որևէ կերպ որևէ մեկը չփորձի վերագրել իմ Առաքելական եկեղեցուն։ Խոսքը կոնկրետ հանրությանը ցնցած լռության մասին է, որը մշտապես եղել է, և հիմա խառնվելու մասին է։ 

– Նախկին իշխանության հետ եկեղեցականները սերտորեն համագործակցում էին, փաստորեն այս իշխանության հետ չստացվե՞ց։

– Գիտեք, եկեղեցին պետք է աշխատի ժողովրդի հետ, ոչ թե իշխանությունների։ Այսինքն՝ մենք իրենց ինչ-որ բան տանք, իրենք էլ մե՞զ ի պատասխան ինչ-որ բան տան, բա ժողովուրդը որտեղ մնաց։ 

– Իշխանություն-կաթողիկոս հակադրությունը ինչի՞ կհանգեցնի։ Ըստ էության՝ դուք առաջարկում էիք փոխե՞լ կաթողիկոսին։

– Ես որևէ բան չեմ առաջարկել։ Ես արձագանքել եմ իր մտորումներին, որ ինքը հայտնել է առ այն, թե լավ կլինի որ փոխվի Քոչարյանի խափանման միջոցը, ես ասել եմ, որ հազարավոր մարդիկ համարում են, որ լավ կլինի, որ կաթողիկոսը փոխվի, և ի՞նչ։ Իմ գրառման մեջ ամեն ինչ հստակ ասված է, ես որևէ մեկին չեմ վիրավորել, ես ուղղակի իրերն անվանել եմ իրենց անունով։ Կարծում եմ՝ հետևություններ իրենք կանեն։

– Նախորդ իշխանության օրոք դուք երբևէ կպատկերացնեի՞ք, որ, ենթադրենք, Լևոն Տե-Պետրոսյանին աջակցելու կոչով հանդես գար Վեհափառը։

– Մենք 99 թվականից սկսած տեսել ենք, թե երբ է արձագանք եղել և երբ է լռություն եղել կաթողիկոսի կողմից։

Եվ հիմա իրոք անհասկանալի է, թե ինչու, օրինակ՝ լռություն կար, երբ Հաց բերողը մահացավ բանտում, և ինչու լռություն կար վերջին 21 տարիների ընթացքում հասարակությանը ցնցող բոլոր դեպքերում, այսինքն՝ լավագույն դեպքում, անհասկանալի, վերացական մեկ-երկու հայտարարություն է եղել, և հիմա բազմաթիվ մարդիկ 60 տարեկանն անց, որոնք բանտում սպասում են իրենց դատավճիռներին, բայց հիմա նման արձագանք կա, թեև ես դրա հիմքերը և պատճառները գուշակում եմ։

Մանե Հարությունյան

MediaLab.am