«Կյանք` անսովոր սովորական». լուսանկարչական ցուցահանդես

«Կյանք` անսովոր սովորական». լուսանկարչական ցուցահանդես
«Կյանք` անսովոր սովորական». լուսանկարչական ցուցահանդես

«4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնը և Երևանում Բրիտանական  դեսպանատունը սիրով ներկայացնում են Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տեղի կուենան մայիսի 21-28-ը` «Դալան» ցուցասրահում, որը գտնվում է Աբովյան 12 հասցեում: Բացումը նախատեսված է մայիսի 21-ին, ժամը 18:00-ին: 

«Կյանք` անսովոր սովորական» ցուցահանդեսը ներկայացնում է լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի վերջին վավերագրական շարքերը` «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի ղեկավար Վիգեն Գալստյանի համադրությամբ: Դիտարկելով Հայաստանում ապրող խոցելի խմբերի պատմություններ՝ ցուցահանդեսը արտացոլում է նրանց ամենօրյա պայքարը՝ ըմբռնման, ուրախության և արժանապատվության համար: Անկախ սեռից, ֆիզիկական խնդիրներից, ազգությունից կամ տարիքից, նրանք մարդիկ են, որոնց առաջադիմության և հաջողության հասնելու վճռականությունը բացահայտում է առօրյա կյանքը դրամատիկ ու նոր լույսի ներքո:

Վերջին տասնամյակի ընթացքում Արմենակյանն ու Բաբաջանյանը անընդմեջ անդրադարձել են սոցիալական, քաղաքական և մշակութային տարատեսակ խնդիրների՝ արդյունքում ստեղծելով հայաստանյան ժամանակակից վավերագրական լուսանկարչության սրաթափանց օրինակներից շատերը: Նրանց նոր աշխատանքները մեծ նրբանկատությամբ շոշափում են չափազանց զգայուն թեմա: Շրջանցելով  մելոդրաման և սենտիմենտալությունը` դրանք մեզ դեմ են հառնում սադրիչ քչախոսությամբ և հուզական տարանջատմամբ:

Նազիկ Արմենակյանի մեծամասշտաբ դիմանկարներում կենսագրական մանրամասները մնում են շրջանակից դուրս, որպեսզի դիտողը կենտրոնանա մարգինալության ու հիվանդության կարծրատիպների հետևում առկա անձնավորությունների վրա: Ընտրելով մեկ այլ ճանապարհ` Անուշ Բաբաջանյանը ֆիքսել է նմանատիպ մարդկանց առօրյա գործողությունները իր հերթապատկերներում, որոնք հիշեցնում են ընտանեկան ալբոմի կամ Instagram-ի հպանցիկ նկարներ: Իրոք` այստեղ ոչինչ արտառոց չի թվում: Բացի նրանից, որ երգիչները կույր են, պարի ուսուցիչը` խուլ, բռնցքամարտի չեմպիոնը` 17-ամյա աղջնակ, տաքսու վարորդը` կին, երիտասարդ երաժիշտ ուսանողը ունի ֆիզիկական, իսկ այգեգործը` մտավոր խնդիրներ և այլն:

Հայաստանում կամ այլուր, նույնիսկ ամենասովորական երազանքներին և նպատակներին հասնելու համար այս մարդկանցից երբեմն հերոսական ջանքեր և խիզախություն են պահանջվում:

Արմենակյանի և Բաբաջանյանի հակադիր մոտեցումները ցույց են տալիս, թե ինչպես են պատկերները ներազդում ճնշված ու հաճախ մերժված  մարդկանց մասին մեր ընկալումների վրա: Թեև որպես իրականության փոքրիկ բեկորներներ` այս լուսանկարները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու մեզ շրջապատող ամենօրյա աշխարհի բազմազանության մասին և հուշում են «սովորական» լինելու իրական գինը:

* Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել. 095 952305 Լիլիթ Քալանթարյանին, Երևանում Բրիտանական դեսպանատան հաղորդակցության գծով ղեկավար