«Կամավոր ատեստավորումը ստեղծագործական աճի համար լավ է, եթե ճիշտ կիրառվի, բայց մեզ մոտ սխալ մոտեցում է ընտրված». կրթության փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, գործադիրի երեկ ընդունած որոշման համաձայն՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվելու է 200 հազար դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը՝ հաշվի առնելով կամավոր ատեստավորման գործընթացից արդեն իսկ ուսուցիչների դժգոհությունները:

– Վաղուց արդեն ասվել է, ու սա առիթ է ևս մեկ անգամ կրկնելու, որ կրթության համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ. Ուսուցիչների պակաս, թափուր հաստիքներ, հատկապես սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրերում ու հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա առարկաների մասով, որը շատ կարևոր է մեր տնտեսության ու ընդհանրապես երկրի զարգացման համար:

Մյուս կողմից՝ մենք ունենք նաև ձևական մոտեցում այս ամեն ինչին, այսինքն՝ շոու մոտեցում, երբ իբր թե աշխատավարձերը բարձրացնում են, որովհետև հազար անգամ ասվել է՝ եթե ուզում ենք կրթության որակը բարելավվի, առաջին քայլը պետք է լինի համընդհանուր աշխատավարձի բարձրացումը, որից հետո նոր կարելի է այդ լրացուցիչ ատեստավորման, աշխատավարձերի բարձրացման հարցերը քննարկել:

Ցավոք սրտի, սա հերթական ցուցադրական որոշումն է լինելու, որն էական արդյունք չի տալու, ու կրթության որակը դրանից հաստատ չի բարելավվելու, ընդհակառակը՝ ուսուցիչների վերաբերմունք իսկապես վատ է, որովհետև այդ ատեստավորումը բոլորին չէ, որ խանդավառում է, մանավանդ բոլորը չէ, որ դրան մասնակցելու հնարավորություն ունեն, քանի որ դասարանների, առարկաների և այլ սահմանափակումներ կան:

Մյուս հանգամանքն էլ այն է, որ եթե մասնակցում ես կամավոր ատեստավորմանն ու չես հաղթահարում անցողիկ շեմը, պետք է մասնակցես պարտադիր ատեստավորմանը, ինչի հետևանքով էլ կարող ես կորցնել աշխատանքդ:

Ուսուցիչների դժգոհություններն արդարացվա՞ծ եք համարում եք և, ընդհանրապես, ատեստավորման երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում, անհրաժեշտությո՞ւն է դա ուսուցչի համար:

– Պարտադիր ու կամավոր ատեստավորումը տարածված ու տարբեր երկրներում կիրառվող երևույթ է, ուղղակի մեզ մոտ կամավոր ատեստավորումը շատ թերի է գնահատում ուսուցչին, որովհետև այստեղ հաշվի են առնում ուսուցչի միայն այն գիտելիքները, որ նա պետք է ունենա կամ ունի տվյալ առարկայից և վերջ, բայց ուսուցիչ լինելը միայն դա չէ, չէ՞:

Եթե ֆիզիկոս ես, բոլոր խնդիրները լուծեցիր, ուրեմն դու լավ մասնագետ ես ու կարող ես քո գիտելիքները սահուն կերպով փոխանցել աշակերտների՞ն: Այդպես չի լինում միայն, ուսուցիչը պետք է ունենա նաև մանկավարժական հմտություններ, մեթոդաբանությանը տիրապետի և ունենա կարողություններ, իսկ որտե՞ղ է սա գնահատվում:

Ուսուցիչներից շատերը դժգոհում են հենց այս բաղադրիչից, որովհետև ատեստավորման ժամանակ իրենց զգում են ընդամենը որպես ուսանող, որը քննություն է հանձնում, բայց որպես ուսուցիչ որևէ մեկը քեզ չի գնահատում ու չի ատեստավորում:

Սա ուսուցիչների մոտ առաջացնում է դժգոհություն, ու դա է պատճառը, որ ուսուցիչների շատ չնչին տոկոսն է մասնակցել կամավոր ատեստավորմանն ու հաղթահարել նվազագույն շեմը: Սա արվում է ուսուցիչներին խրախուսելու համար, բայց հակառակ էֆեկտն է տալիս, որովհետև մոտեցումը սխալ է:

 – Այս փոփոխությունը և՞ս չի նպաստելու, որ ուսուցիչները շահագրգռվեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը, պարո՛ն Մխիթարյան:

– Կրկնեմ, որ աշխատավարձի բարձրացումը պետք է լինի համընդհանուր ու վերաբերի բոլորին ու պետք է լինի ապրելակերպի համար նվազագույն պայմաններն ապահովելու հնարավորություն յուրաքանչյուր ուսուցչի համար, դրանից հետո միայն պետք է մտածել խրախուսման ու աճի համար:

Բայց այսօր կա ուսուցիչ, որը ստանում է ամսական 30 հազար դրամ, հիմա այդ անձը, եթե նույնիսկ հաղթահարի ատեստավորման նվազագույն շեմը, որքա՞ն կդառնա նրա աշխատավարձը, դրանով նա կարո՞ղ է նորմալ ապրել:

Իսկ ինչո՞ւ Կառավարությունը չի գնում աշխատավարձերի համընդհանուր բարձրացման ճանապարհով, այլ ընտրել է այս տարբերակը:

– Որովհետև չեն ուզում այդքան ֆինանսական միջոց տրամադրել կրթության ոլորտին, իսկ այսկերպ փորձում են ցույց տալ, որ հնարավորություն են ընձեռում, բայց այս դեպքում էլ այդ հնարավորությունը դառնում է շոու, որովհետև դրանից օգտվողներն իրականում շատ քչերն են լինելու՝ տարբեր պատճառներով: Մի կողմից Կառավարությունը կարող է թմբկահարել, որ իրենք այդ հնարավորությունը ստեղծում են, բայց իրականության մեջ դա փուչ է, որովհետև լայն իմաստով այդ «հնարավորությունից» շատ քչերն են օգտվելու:

Գործադիրի ղեկավարը նաև ասաց, որ X պահի ուսուցիչները, որոնք չեն հաղթահարի կամավոր ատեստավորման նվազագույն շեմը, կհեռացվեն աշխատանքից: Այս մասով ի՞նչ դիտարկումներ ունեք:

– Դա ուսուցիչներին հետ պահելու քայլ է, որովհետև եթե շատերը նույնիսկ մտածում էին, որ հնարավոր կլինի ինչ-որ ձևով օգտվել այդ հնարավորությունից, հիմա ուղղակի չեն օգտվի, որովհետև արդեն ասվել է, որ եթե չհաղթահարեն համապատասխան շեմը, կարող են որոշ ժամանակ հետո կորցնել աշխատանքը:

Հասկանալի է, որ ուսուցիչների մեծ մասը միայն այդ աշխատավարձով չի ապրում, շատերը գյուղատնտեսությամբ են զբաղվում, այլ գործունեություն ծավալում ու, ըստ էության, այդ դրույթի ներմուծումից հետո էլ շահագրգռված չեն լինի այդ չնչին ավելացումների համար մասնակցելու կամավոր ատեստավորմանը: Դա կարող է առիթ լինել ու հակառակ ազդեցությունն ունենալ, երբ ուսուցիչն ուղղակի թողնի դպրոցն ու զբաղվի իր եկամտի հիմնական աղբյուրի գործերով:

Պարո՛ն Մխիթարյան, կամավոր ատեստավորմանը զուգահեռ կա նաև պարտադի՞ր ատեստավորում ուսուցիչների համար այժմ:

– Այո՛, կամավորից զատ կա պարտադիր ատեստավորում, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է անցնի առնվազն հինգ տարին մեկ: Պարտադիր ատեստավորումից առաջ կազմակերպվում են համապատասխան դասընթացներ, ուսուցիչները մասնակցում են այդ դասընթացներին, որից հետո մասնակցում են ատեստավորմանը: Եթե ատեստավորման արդյունքը բացասական է, ուսուցիչը կորցնում է իր աշխատանքը:

Իսկ ատեստավորման այս տարբերակով ստուգվում են ուսուցչի մանկավարժական հմտություննե՞րը, թե՞ միայն մասնագիտական գիտելիքը:

– Ո՛չ, չի ստուգվում, ուղղակի հնարավոր է փոքրիկ առաջադրանքներ լինեն, որոնց, սակայն, ուսուցիչը ծանոթանում է այդ դասընթացներին մասնակցելու ժամանակ ու այդ ընթացքում ինչ սովորում է, ըստ էության, դրանից քննություն է հանձնում ու ատեստավորվում է կամ չի ատեստավորվում:

Սա ուսուցչի համար այնքան էլ դժվար չէ, բայց օրվա քաղաքական իշխանության համար հնարավորություն է ձերբազատվելու իր նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված ուսուցիչներից: Սա ասում եմ, որովհետև նման դեպքեր էլ կան: Ընդ որում, դու ենթակա ես պարտադիր ատեստավորման, եթե գնացել ես կամավոր ատեստավորման ու համապատասխան բալերը չես հավաքել, այստեղ էլ ձախողելու դեպքում ուղղակի կորցնում ես աշխատանքդ, կամ քեզնից ազատվում է տնօրենդ:

Պարո՛ն Մխիթարյան, տրամաբանություն տեսնո՞ւմ եք կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկելու մեջ, եթե արդեն իսկ գոյություն ունի պարտադիր ատեստավորում, ու, ըստ էության, այդքան էլ մեծ տարբերություն չկա այդ երկուսի միջև, եթե ես չեմ սխալվում, իհարկե:

– Դրա համար եմ ասում, որ սա ավելի շատ ցուցադրական իմաստ ունի, որովհետև շատ քչերն են օգտվում դրանից: Կյանքը ցույց կտա, իհարկե, դա ստեղծագործական աճի, մնացած բաների համար լավ է, եթե ճիշտ կիրառվի, բայց կիրառելուց առաջ էլ պետք է հաշվի առնվի այն մարդկանց կարծիքը, որոնց անմիջապես առնչվում է դա: Չեմ կարծում, թե այս փոփոխությունները, որ այսօր Կառավարությունն ընդունեց, որևէ ձևով քննարկվել են ուսուցիչների հետ, նրանց կարծիքը հաշվի առել են:

Միանգամից որոշում են ընդունում, իսկ մի քանի օր հետո սկսելու են կիրառել, իսկ ուսուցիչների կարծիքը, կներեք, ինչ-որ մեկը չպե՞տք է հաշվի առներ որոշումը կայացնելուց առաջ: Գոնե նախագիծը շրջանառվեր, մարդիկ իրենց կարծիքն ասեին, չէ՞ որ նրանց մոտ հակազդեցություն կառաջանա այն ժամանակ, երբ իրենք այդ գործընթացի ուղղակի մասնակիցը չեն եղել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am