«Դիմացկուն, օգտակար և փշոտ, ինչպես մենք՝ քույրերով». յուրահատուկ «Մասուրը»՝ ծնված Մուղդուսյանների սիրուց, ուժից և մեծ ցանկությունից

Հայկական ավանդական խոհանոց, ավելի քան երկդարյա պատմություն ունեցող կահկարասի, ժամանակակից արվեստի գործեր, «Նաիրյան» վոկալ անսամբլի կատարումներ և ականավոր հայ կանայք՝ Զապել Եսայան, Սրբուհի Տյուսաբ, Վարվառե Սահակյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և ուրիշներ, որ ներկա են իրենց կենսագրությամբ, գործունեությամբ և պատկերներով։ Այս ամենը կարելի է գտնել «Մասուր» արվեստի տանը, որը հիմնադրել են Մուղդուսյան քույրերը:

«Մեր նոր նախագիծը կոչեցինք «Մասուր», որովհետև այն հայկական բնաշխարհի ամենադիմացկուն բույսն է, միևնույն ժամանակ՝ վարդազգի է, մի կողմից օգտակար է, մյուս կողմից՝ փշոտ, ճիշտ ինչպես մենք՝ քույրերով»,- ասում է արվեստի տան համահիմնադիր Մարիամ Մուղդուսյանը։ 

«Մասուր» արվեստի տան գաղափարը հղացել են Մարիամ և Նաիրա Մուղդուսյանները 2021-ին՝  պատահական զրույցի ընթացքում։ Քույրերը հասկացան, որ ունեն գրեթե ավարտուն գաղափար, բավարար գիտելիքներ և փորձ, բայց չունեն տարածք՝ այն իրականացնելու համար։ Բացի այդ, հետպատերազմյան ժամանակահատվածում շատ էին Արցախից տեղահանված կանայք, որոնք կարող էին և ուզում էին աշխատել, սակայն այս կամ այն պատճառով չէին կարողանում մտնել աշխատաշուկա:

«Մենք այս և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված այլ բազմաթիվ կանանց հետ աշխատանքի բազմամյա փորձ ունենք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի շրջանակում։ 

Մեզ համար սկզբունքային էր, որ «Մասուրը» պետք է ինքնադրսևորման, զբաղվածության հարց լուծի հենց մեր կենտրոնի շահառուների համար՝ բռնության ենթարկված կանանց, խոցելի խմբերի, տեղահանված կամ աշխատաշուկայից տարիքի պատճառով դուրս մնացող կանանց համար։ 

Միևնույն ժամանակ, մենք չէինք ուզում, որ այն վերածվի զուտ սոցիալական նախագծի, ահա թե ինչու մտածեցինք, որ այն պետք է ունենա որոշակի կրթական, ուսուցողական բաղադրիչ, կապ արվեստի հետ։ Մյուս սկզբունքային մոտեցումն այն էր, որ «Մասուրը» պետք է դառնա հայ ականավոր հասարակական-քաղաքական կին գործիչների մասին հանրահռչակման տարածք»,– պատմում է Մարիամը։

Նա խոստովանում է՝ ի սկզբանե պատկերացրել են, որ գաղափարն իրագործելը բարդ է լինելու․ ինչպես իրենց մյուս նախագծերի ստեղծման ժամանակ, այնպես էլ այս անգամ քույրերը չունեին ֆինանսավորման որևէ աղբյուր կամ աջակցություն:

«Մենք ամեն ինչ անում ենք, հետո նոր՝ մտածում»,– կատակում է Մարիամը։

Երկար որոնումներից հետո «Մասուրի» համար տարածք գտնվեց Երևանից քիչ հեռու՝ Ջրվեժ գյուղում, մեծ, սիրուն ամառանոցի տարածքում՝ այգիով ու պատշգամբով։ Մարիամն ասում է՝ այստեղ գործն ու ծախսը չեն ավարտվում։ Տարածքը վարձակալել են, անընդհատ նոր գնումների կամ բարեկարգման կարիք է լինում: 

«Բայց, միևնույն է, այս ամառանոցն ամենաշատն էր համապատասխանում այն գաղափարներին, որ դրվել էին «Մասուրի» հիմքում՝ ոչ մի ավելորդ ճոխություն, ոչ մի պաթոս, ճիշտ տան նման»,- նշում է նա։ 

Բացի այդ, Երևանում և շրջակա բնակավայրերում բազմաթիվ են վայրերը, որտեղ կարելի է սնվել և լավ ժամանակ անցկացնել, այդ պատճառով էլ «Մասուրը» պետք է հստակ տարբերվեր իր բովանդակությամբ և ձևով։ Սակայն ամենամեծ դժվարությունն այն էր, որ շատերն անգամ չէին ճանաչում այն կանանց, որոնց կյանքի և գործունեության հանրահռչակումը «Մասուրի» հիմնարար սկզբունքն է։ Այս բարդություններին քույրերը պատրաստ էին, սակայն եղան խոչընդոտներ, որոնց մասին ենթադրել անգամ չէին կարող: 

«Մենք ուզում էինք ցույց տալ, որ հայ քաղաքական-հասարակական կյանքում կանայք եղել են ավելի ակտիվ և զորեղ, քան հիմա կարելի է պատկերացնել։ Սակայն ընթացքում պարզվեց, որ այս գաղափարը՝ կանանց իրավունքների վերաբերյալ բարձրաձայնումը, այս կանանց կյանքի, գործունեության հանրահռչակումը հակակրանք է առաջացնում մի խումբ մարդկանց շրջանում։ 

Խոսքս ոչ միայն շարքային մարդկանց մասին է, այլև որոշ հնարավոր դոնորների, որոնց հետ շփումներում ևս այս խնդրի առջև ենք կանգնել։ Ես, իհարկե, չէի կարող պատկերացնել, որ կլինեն մարդիկ, որոնց համար ընդունելի չեն լինի Օսմանյան կայսրությունում կանանց կրթության իրավունքի համար պայքարող Սրբուհի Տյուսաբի գաղափարները, որոնց մոտ հակազդեցություն կառաջացնի Զապել Եսայանի նամակը՝ ուղղված իր 14-ամյա դստերը։ Սա ցավոտ իրականությունն էր, որին բախվեցինք։ Բայց մենք ականատեսն ենք եղել նաև տրամագծորեն հակառակ պատկերին՝ մարդիկ անվերջ շնորհակալ են լինում մեր գործի համար»,– ասում է Մարիամը։

«Մասուրի» ստեղծման ընթացքում Մուղդուսյան քույրերը պատկերացնում էին իրենց հիմնական այցելուներին՝ 30 տարեկանից բարձր, բարձրագույն կրթություն ունեցող կանայք և մարդիկ, որոնց համար կարևոր է կանանց իրավունքների օրակարգը։ Սակայն ընթացքում քույրերը որոշեցին չսահմանափակվել այս շրջանակով և ընդգրկել նաև դպրոցահասակ երեխաների, որոնց համար «Մասուրը» կարող է դառնալ ծննդյան տոների կամ այլ հավաքույթների կազմակերպման այլընտրանքային վայր։ 

«Մասուրում» կավագործության, նկարչության, հայկական ավանդական գլխազարդերի և գոտիների պատրաստման վարպետաց դասեր են անցկացվում, իսկ երևելի կին գործիչների կյանքի և գործունեության մասին նրանց պատմում են «Նաիրյան» վոկալ անսամբլի մասնակիցները՝ բեմականացված պատումի միջոցով:

«Խաղը ուսուցման ամենաարդյունավետ ձևն է, և մենք որոշեցինք, որ շատ կարևոր բաներ կարող ենք սովորեցնել երեխաներին հենց խաղերի, պատումների և պրոցեսին նրանց անմիջական ներգրավվածությունն ապահովելու միջոցով։ Այսօր դպրոցականները, ուսուցիչներն ու դասախոսները, արվեստագետներն ու հետազոտողները դարձել են մեր հիմնական այցելուները, և դա մեզ շատ է ոգեշնչում։ Սա նշանակում է, որ քիչ չեն մարդիկ, որոնք կարևորում են մեր հասարակության մեջ համարձակ և գործող կանանց դերը։ Բացի այդ, լինում են զույգեր, որոնք ցանկանում են մեզ մոտ իրենց հարսանեկան կամ նշանադրության արարողությունը կազմակերպել, նաև քիչ չեն զբոսաշրջիկները, որոնց «Մասուրն» առնվազն հետաքրքիր է՝ որպես առանձնահատուկ, տարբերվող և ինքնատիպ տարածք»,– ասում է Մարիամը։ 

Թեև «Մասուրն» իր բուն գործունեությունը սկսել է շուրջ երկու ամիս առաջ, այն արդեն ինքնածախսատար բիզնես է դառնում։ Բացի այն, որ սա անընդհատ ներդրումներ պահանջող ոլորտ է, Մարիամը նաև խոստովանում է՝ «Մասուրն» իրենց վերջին հույսն է՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում մեկնարկած մի քանի սոցիալական նախաձեռնությունների՝ KenatsKav-Berdavan մանկական կավագործության ստարտափի և «Հույս» կարի աշխատանոցի շարունակականությունն ապահովելու համար:

«Մեզ մոտ այսօր արդեն աշխատում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կանայք՝ ոմանք խոհանոցում, ոմանք՝ մաքրության հարցում, ոմանց պատվիրում և գնում ենք պատրաստի սնունդ, օրինակ՝ ժինգյալով հաց կամ գաթա։ Այսօր կարողանում ենք զբաղվածություն ապահովել 12 կանանց համար։ Մեր բոլոր աշխատակիցները կանայք են, անգամ՝ խորոված անողները, բայց ազնվորեն եմ ասում՝ մեզ մոտ շատ համեղ խորոված են պատրաստում»,– կատակում է Մարիամը։ 

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am