«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տարածված տեսանյութերը տարբեր մեկնաբանությունների ու քննադատությունների առիթ դարձան։ Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ հանդիպման բովանդակությունն ու դրա շուրջ ձևավորված տպավորությունները։
– Աշխարհի մի շարք լիդերների հավաքի օր էր՝ արարողակարգային բնույթ կրող, ու Փաշինյանի մասնակցությունը ինչ-որ տեղ պարտադիր էր, ուրիշ բան, երբ մենք ձեր ասած տեսանյութերից կարող ենք փաստել, որ նա նախաձեռնողականություն ու շատ ակտիվություն էր դրսևորում:
Առաջին տպավորությունը նրա երջանկությունն էր, կարծես մի միջավայրում էր, որտեղ իրեն շատ ազատ ու անկաշկանդ էր զգում: Առաջնորդվելով նրա վարքագծով՝ ժեստեր, միմիկաներ, կարող ենք ասել, որ այդ կեցվածքը հարիր չէր երկրի ղեկավարին, տեսանյութերում հատկապես երևում է, որ Փաշինյանն ակտիվ խոսակցությունը վերցրել է իր վրա, Ալիևն ավելի շատ պասիվ կարգավիճակով լսում է, քաղաքավարությունից ելնելով էլ գլխով շարժումներ է անում:
Այն, որ կար քծնանքի, հաճոյանալու ֆոն, այո՛, նկատելի էր, եթե անկեղծ խոսենք: Սիրաշահողի վարքագիծ էր, այն առյուծ կտրածի վարքը, որը բնորոշ է Փաշինյանին, երբ ոտք է դնում խորհրդարանի շենք, իսպառ բացակայում էր: Փորձում էր տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է, բանակցում են: Չեմ բացառում, որ երկրորդ անգամ, եթե առիթը լինի, Ալիևի մասով ասի, որ նա շատ կառուցողական ու քաղաքակիրթ է՝ մոռանալով, թե նույն Ալիևն իր մասին ինչեր է ասել ամիսներ առաջ:
– Այդ հանդիպումները հարաբերությունների կարգավորման հարցում էական դեր չե՞ն ունենալու:
– Ո՛չ, որովհետև դա ընդամենը արարողակարգային հանդիպում էր, պաշտոնական բաղադրիչ չկար, իսկ այդ շրջանակներում դժվար թե լուրջ խոսակցություն լիներ, չնայած նման իրավիճակներում էլ շատ լուրջ հարցեր են լուծվում: Առաջընթաց չի կարող լինել, որովհետև նույն օրը ՀՀ վարչապետը տարբեր հարցերի ի պատասխան ասել է, որ Ադրբեջանի պահանջները մնում են ակտուալ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի լուծարում և այլն: Այսինքն՝ չի եղել կառուցողական ոչինչ, կար միայն հաճոյանալու, տպավորություն ստեղծելու, թե ամեն ինչ կարգին է, վերահսկողության տակ է, որ լարվածությունը թոթափված է:
– Իսկ ի՞նչ ունենք իրականում, պարո՛ն Կարապետյան:
– Ունենք հարաբերական անդորր, որը պայթյունավտանգ է, որովհետև ալիևյան ծավալապաշտական նկրտումներին վերջ չկա, Ալիևի պայման-պահանջներն առկա են ու կենսունակ իրենց համար: Որպես անկեղծ թշնամի՝ նրանք չեն էլ թաքցնում իրենց նկրտումները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ու այդ մասով ուղղակի այս պահին հարմար պահ չէ, կամ Ալիևը կանաչ լույս չի ստացել, որպեսզի դրանք իրականացնեն հողի վրա: Բայց որ Սյունիքը, Վայոց ձորը, մասնավորապես, Հայաստանի հարավը վտանգված են՝ փաստ է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















