Օրենքը ոլորտ չի կարգավորում, այն ուղղակի ամրապնդելու է Yandex-ի դիրքերը, մոնոպոլիա են սարքում. Վահագն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները, որի համաձայն պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Օրենսդրական փոփոխությունը կկարողանա՞ կարգավորել ոլորտը։

– Սա ոչ մի ոլորտ էլ չի կարգավորելու, ուղղակի ամրապնդելու է Yandex-ի դիրքերը՝ մոնոպոլիա սարքելու համար: Կարգավորումների վերաբերյալ մենք տարիներ առաջ առաջարկներ ենք ներկայացրել, հայկական արտադրության սարքավորումներ ենք առաջարկել, ամբողջ մեխանիզմ ենք առաջարկել, 2018-ից մինչև հիմա ձայները կտրել էին, հիմա որոշել են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա՝ ՀԴՄ վաճառել վարորդների վրա։ Դուք գիտե՞ք, թե վարորդներն ինչ ընթացակարգերով են անցնելու այդ էլեկտրոնային կտրոն տրամադրող ՀԴՄ-ի, որն օնլայն ու վիրտուալ POS-ով է աշխատելու (բանկային քարտերով վճարումներ ընդունող սարք) գրանցման համար։ Ճշտեք դրանց գրանցումը, թե բանկերն ինչ կարգով են անում, ինչ պահանջներ են ներկայացնում, ու այդ գործընթացը մոտավորապես քանի ամիս է տևում։ 

Ես երկու ամիս ընկել եմ այդ էլեկտրոնային ՀԴՄ-ն գրանցելու հետևից, դուք չեք պատկերացնի՝ բանկերում ինչ է կատարվում, ինչու են տարել կապել բանկերին, ու ամեն բան արվում է բանկերի քմահաճույքով՝ ինչ թղթեր է ուզում, ինչ պահանջներ է դնում, վերջում էլ՝ մեկ ամիս հետո, ինձ զանգեցին ասացին՝ ձեր սարքերի շրջանառությունը փոքր է, մեզ ձեռք չի տալիս ձեր ՀԴՄ-ի վրա POS բացելը, փակեցին։ 

Այսինքն՝ տաքսիում, միանշանակ չի բավարարելու այդ շրջանառությունը․ նախ՝ այդ սարքի արժեքը, երկրորդը՝ այդ սարքը կտրոնն ինչի՞ հիման վրա է տպելու, ո՞նց են չափելու։ Բոլորը մոռացել են, որ խոսքը «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի մասին է, որ տաքսիների ուղեսրահում պետք է սակաչափիչ (счетчик) լինի, բայց որ կտրոն պետք է տրամադրեն՝ չգիտես ինչի հիման վրա, դա պարտադիր են անում։ Գիտեք ինչ, սա ավելի շատ զառանցանքի է նման։ 

– Իսկ օրենքն աշխատելո՞ւ է։

– Հաստատ չի աշխատելու, միանշանակ, կամ օգնելու է Yandex-ին ավելի ամրապնդվելու, որովհետև նրանց մասին խոսք չի գնում, ասում են՝ իրենք համակարգը պետք է կցեն հարկայինին, այսինքն՝ իրենց ծրագիրն իբր թե միացնեն, որ այդ տվյալները հարկայինը տեսնի, մյուս կողմից՝ մնացածը պետք է էլեկտրոնային կտրոն տրամադրեն, այսինքն՝ եթե չես ուզում մտնել Yandex, ապա գնա մի քանի հազար դոլար ծախսի տակ ընկի։ Սա է իրենց մտածածը։

– Այսինքն՝ այս փոփոխությունը անհատ տաքսիստների համար խնդիրների աղբյո՞ւր է դառնալու։

– Անհատ տաքսիստներին, այդ մի քանի մարդուն, որ գոյատևել են, նրանց վերացնելու համար է։ Նախ 2015-ից սկսած ձայները կտրեցին, մինչև Yandex-ը քանդեց ամբողջ ոլորտը, 1100 տաքսի ընկերություն, ես ձեզ իրական թիվ եմ ասում՝ փակվել է, այդ բոլորը հարկատու էին, բոլորը արտոնագիր՝ լիցենզիա, ունեին, այսինքն՝ օրինական դաշտում էին, ինչո՞ւ դրանք փակեցին, թողեցին Yandex-ն այսքան տարի անօրինական աշխատեց, միլիոններ տարավ այս երկրից։ Նախ՝ ոչ մի հանրային քննարկում չեն արել, այդ ոլորտի ՀԿ ենք, ինչո՞ւ մի անգամ մեզ հետ հարցը չեն քննարկել։ 

– Պարո՛ն Սահակյան, այսինքն՝ ձեր գնահատմամբ՝ մինչև սեպտեմբեր վարորդները չե՞ն հասցնի էլեկտրոնային կտրոն տրամադրող սարք ձեռք բերել։

– Եթե հիմա բոլորն այդ սարքը ձեռք բերած էլ լինեն, ապա չեն հասցնի անգամ գրանցել։ Գիտեք, չէ՞, բանկերն իրար մեջ բաժանել են, թե ո՛վ ում պետք է գրանցի, իրենք են որոշում՝ում մոտ ուղարկել։ Ես, լինելով «Յունիբանկի» VIP հաճախորդ, չկարողացա այդ բանկում գրանցումն անել, գնացել եմ «Ինեկոբանկում» նոր հաշիվ եմ բացել, ծանոթով, առանց ծանոթի չեղավ, նոր կարողացել եմ գրանցումն անել, իմ գլխով անցել է, ես գիտեմ։ Մեքենան դեռ չունի տաքսի վարելու իրավունք, ՀԴՄ կտրո՞ն են իրենից պահանջում, նախ թող իրավունք տան այդ մեքենային։ 60 հազար մեքենա են Yandex-ում քշում, ոչ մեկը տաքսի վարելու իրավունք չունի, լիցենզիա ստանալն առաջին հերթին անվտանգային համակարգ է, ինչո՞ւ են «Լիցենզավորման մասին» օրենքը ծալել, մի կողմ դրել, նոր բաներ են մտածում, հլը թող այդ 60 հազար մեքենան բերեն օրինական դաշտ, որ 2015-ից ապօրինի աշխատում են, նոր անցնեն մյուս հարցերին։ Առանց լիցենզիայի իրավունք չունեն տաքսի վարել, դա անօրինական է։ Աբսուրդ է սա, որտեղ մի երկու կոպեկի հոտ է գալիս, սկսում են փորփրել։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ այս օրենքը չի՞ կարող աշխատել։

– Այո՛, չի կարող աշխատել։ Կրկնում եմ, որ աբսուրդ է որոշումը, քանի որ ինչպե՞ս կարող է լիցենզիա չունեցողը հաշվիչ դրամարկղային կտրոն տրամադրել, բոլոր տաքսիներն այդ վիճակում են։ Այնպես էլ չէ, որ «Լիցենզավորման մասին» օրենքը չի աշխատում, Գյումրիում արդեն մի քանի մեքենա բռնել, տուգանք են գրել՝ լիցենզիա չունենալու համար, բայց 60 հազար են Yandex-ով վարում, ոչ մեկը չի տուգանում, Եղեգնաձորում, Սևանում էլ են նման դեպքեր եղել, որ տուգանել են։ Yandex-ին չեն տուգանում, որովհետև, շրջանառվող խոսակցությունների համաձայն, բաժին են վերցրել, չեմ կարող հերքել կամ հաստատել սա, շուկայում այդ ընկերությունն ինչ ուզում անում է։ 

Տաքսու շրջանառությունը Հայաստանում օրական մոտ 600 միլիոն դրամ է, որի 120 միլիոնը այդ օնլայն տաքսիների մաքուրն եկամուտ է, 20%-ն իրենք տանում են մաքուր, ոչ մի ծախս չունեն, մի հատ հեռախոսի հավելված են գրել ու վերջ։ Օրը 120 միլիոն դրամի մաքուր եկամուտ ունեն դրանք, դե պատկերացրեք, թե ինչու են բոլորին այդ դաշտ տանում, ինչու են մոնոպոլացնում: 

Մինչև 2015 թվականը Հայաստանում տաքսի ծառայության ոլորտն ամենաազատականն էր, 2015-ից հետո բերեցին է Yandex-ին, չեմ ուզում անուններ տալ, բայց ասեմ, որ ամենասկզբում ինձ են առաջարկել բոլորին հավաքել բռի մեջ, ես հրաժարվեցի, ասացի՝ մարդկանց այդպիսի վատություն չեմ անի, մոնոպոլիա չպետք է լինի, մարդիկ ազատ աշխատում են այդ դաշտում, երկու օր հետո Yandex-ին «ներմուծեցին» Հայաստան։ 

– Պարո՛ն Սահակյան, մշտապես դժգոհություն, բողոքը եղել է, որ տաքսիների ոլորտը կանոնակարգված չէ, ի՞նչ պետք է անել, որ ոլորտն իսկապես կանոնակարգվի։

– Ոչ մի բան, ուղղակի չպետք է խանգարեն ու թողնեն, որ մարդիկ օրենքով աշխատեն, ոլորտը կարգավորող բոլոր օրենքները կան, ինչո՞ւ են քթները խոթում։ Ամեն օր մի օրենք են հանում, հետո այն չի գործում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am