«Ծոմակի ահից, ընկեր ջան, գինի լից»

«Ծոմակի ահից, ընկեր ջան, գինի լից»
«Ծոմակի ահից, ընկեր ջան, գինի լից»

«Ճշմարիտը էն է, որ մեր, ամբողջությունը (ժողովուրդը) տառապում է ծանր ու խոր բարոյական հիվանդություններով:… անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած»:

Չէ, էս Ծոմակը չի ասել մեր ազգի մասին, Թումանյանն է գրել իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում: Բայց ռուսական կրթությամբ բլոգեր Տիգրան Քոչարյանը`Փիղը, չի կարդացել. դե ռուս գրականությունը թողած` հո կակոյ նիբուծ Թումանյան չէ՞ր կարդալու: Դրա համար էլ DIY փաբը վառելու և բազմազանության երթ ու հակաերթի թեմայով որտեղ խոսի, Ծոմակի խոսքն է հա մեջբերում` նա ասել է, թե մեր ազգը հիվանդ է: Նույնն ասում էր մայիսի 27-ին «Արմնյուզի» «Բրիֆինգ» հաղորդմանը` տեսեք, տեսեք, Ծոմակն ասել ա` մեր ազգը հիվանդ ա, մենք էլ վիրավորվել ենք, ու բացատրում էր իրենց հակաերթի նպատակը` մի քանի տասնյակ հասուն ու ոչ այնքան տղամարդիկ փողոց են դուրս եկել բողոքելու մի աղջկա ասածի դեմ: Իսկ գուցե ֆաշիստի անուն ստանալու վախի՞ց էր, որ հաղորդման մեջ շրջանցեց միասեռականների թեման, թե իբր մեր հակացույցը միասեռականների դեմ չէր, այլ Ծոմակի խոսքի:

Ու որպեսզի ֆաշիստի անունից ազատվեն, հակաերթականները մանրամասն օպերացիա էին մշակել` օպերացիա «Կոկորդիլոս», ու հայտնի անեկդոտի հերոսի պես` փորձում էին կոկորդիլոսներն իրենց վրայից պոկել, գցել հակառակորդների վրա. Մուսոլինիից մեջբերումը ներկայացրեցին որպես Վոլտերի խոսք ու… տեսե՞ք` ֆաշիստի խոսքերին համաձայն եք: Բա որ ես էլ հիմա գրեի, թե Ծոմակն ասել ա` մեր ազգը խիարի պես էնքան ա ոտի տակ ընկել, որ փչացել ա, աղջկան կգզեիք, բայց մեր ազգին խիարի հետ համեմատողը էլի Թումանյանն ա` նույն հոդվածում:

Տիգրան Քոչարյանը ոչ միայն Թումանյան չի կարդացել, այլև առհասարակ հեռավոր պատկերացում էլ չունի այն ժողովրդի գրականության մասին, որի ազգայնական ա խաղում ու թասիբը պահում, հակառակ դեպքում կիմանար, որ գրեթե չկա էնպիսի հայ գրող, որ տարբեր հիվանդություններ վերագրած չլինի մեր ազգին ու քննադատած չլինի:

Չի կարդացել, չի կարդացել, բայց գոնե չի՞ էլ լսել Խորենացու «Ողբի» գոնե առաջին բառերը`«Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»: Չէ, ոչ ինքը, ոչ էլ հաղորդման մեջ իր կողքը նստած ազգասեր համախոհները չեն կարդացել մի քանի էջ մեր ազգի հիվանդությունների մանրամասն թվարկումն ու ախտանշանների նկարագրությունը:

Բա որ Վրթանես Փափազյանի «Ենիչերի» պատմվածքը կարդացած լինեին, վայ թե վիրավորվեին, որ հեղինակն իր բնական մահով ա կյանքից հեռացել ու ոչ թե ցեղասպանության հետևանքով: Պատմվածքում հերոսը սպանում ա իր տուն մտած ու իր կնոջը բռնաբարել ուզող թուրքին, հետո թաղում իր բակում: Որպես նորմալ քրիստոնյա էս դեպքի մասին խոստովանում ա քահանային ու ընկնում տերտերական շանտաժի ծուղակը: Տերտերը թուրքին սպանելու գաղտնիքը հրապարակելու ու իրեն վստահած ազգակից հային թուրքական իշխանությանը հանձնելու սպառնալիքներով էնքան փող ա կորզում նրանից, որ հարուստ գերդաստանը լրիվ սնանկանում ա, ու մարդը բոմժ ա դառնում: Տերտերից բողոքելու նպատակով մարդը մինչև կաթողիկոս ա հասնում, իսկ կաթողիկոսը տերտերին կանչել ա տալիս ու ջղայնանում, թե ինչի ա շորթածը մենակով վայելել ու բաժին չի տվել իրեն: Ու երբ իր փայն ստանում ա, եպիսկոպոսներին հրամայում ա` նորից իր դուռն եկած մարդուն դուրս շպրտեն կաթողիկոսարանից: Ենիչերուց ավելի շատ իրեն հալածած հարազատ եկեղեցու շանտաժի ողջ ընթացքում մարդը շարունակ նույն խոսքն ա կրկնում, թե` մեր եկեղեցում կա՞ խոստովանողի գաղտնիքը հրապարակելու կարգ, «թե կա` ես փոխում եմ ազգությունս, չկա` էլի եմ փոխում ազգությունս»:

Բա Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմը, որից ուղղակի հնարավոր չի մեջբերում անել, քանի որ ամե՛ն տողն է մեղադրանք ու նզովք մեր պատմության հայտնի ու անհայտ դեմքերին, հերոսական առասպելներին ու հասարակ ժողովրդին, քանի որ «Դարձել է ահա ժողովուրդը և՛ս,/ Իր տերերի նման, անուղի ու անդեմ…»:

Բա Պարույր Սևակը, որ իր «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» հոդվածում գրում է. «Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն», ապա` «Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա այն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև…» էլ չշարունակեմ, թե ոնց են զարգանում: Ու վերջապես` «Պետք է թշնամաբա՛ր նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք, Այսինչ ժողվուրդը դեռ միսն աղել չգիտեր…»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա…»: «Իսկ հապա մեր Այսինչը, մեր Այնինչը, մեր էսը, մեր էնը…»: Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ էսը, ո՛չ էնը, այլ պարզապես կրկնում է անուններ»,- կարծես հատուկ հակաերթականների մասին գրած տողեր:

Մեր գրականությունը, ի պատիվ հայ գրողների ու ինչպես ամեն մի արժեքավոր գրականություն, լեցուն ա նման էջերով, որոնց մեջբերելը հատորներ կլինի: Ու էս ամբողջ քննադատությունից մեր ազգը չի վնասվել ու ոչնչացել, բայց ահա մի աղջիկ ասել ա` մեր ազգը հիվանդ ա, ու ոտքի են ելել մեր առյուծ տղերքը, ուս-ուսի տվել, կապել խաչ պատերազմին, թամբել Քուռկիկ Ջալալին ու գնացել հակաերթի, որ վնասազերծեն ահռելի ոսոխին իրենց խրոխտ երգերով.

Ուս ուսի տված առյուծի նման,

Ետ բերենք հողը ՝ փառքը հայության:

Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք, հայե~ր,

Այս դժվար պահին լինենք միասին…

Դե բնականաբար նաև 100 գրամ` խիզախության համար.

Գինի լից, ընկեր ջան, գինի լից…

Եթե Ծոմակի երեք-չորս բառանի մի խոսքից էդքան տղամարդ փողոց են լցվում ու հարայ տալիս` հայե՛ր, միացե՜ք, միացե՛ք, հայեր, բա դա հիվանդության, ֆոբիայի ախտանիշ չի՞, ու եթե ազգի անունից են խոսում, ուրեմն Ծոմակը ճի՞շտ էր ասում` ազգը հիվանդ ա:

Ուրեմն, բախտ ենք բերել, որ հայոց առյուծները, ուս-ուսի տված, մենակ երգում են ու գիրք չեն կարդում, թե չէ կհամարեին, որ հայ գրականությունը վիրավորում է հայ ազգին, ու կգնային Մատենադարանը, Ազգային ու բոլոր մյուս գրադարանները… չէ, չէ, չէ, չէին վառի, հո ֆաշիստ չե՞ն, ընդամենը իրենց սահմանադրական իրավունքով հայ պատմիչների ու գրողների դարավոր երթին հակաերթ կանեին` «գրողներին Բաքու» գոռալով:

Փղի ու շատերի ձգտումն է, որ մեր մեծերին իրենց պատկերով ու նմանությամբ ներկայացնեն. ու եթե իրանց ուզածը լիներ, մենք անհատականություն, ստեղծագործ միտք, մշակույթ չէինք ունենա, կդառնայինք գիտության ու արվեստի երթին հակաերթ անող գորշ ու անդեմ զանգված:

Այսօր ազգը վիրավորելը միայն Թուրքիայում է հանցանք, 301 հոդվածով դատում են թուրք ինքնություն վիրավորելու համար` սկսած Նոբելյան մրցանակակիր Փամուկից մինչև լրագրողներ: Եվ ահա Տիգրան Քոչարյանն ու իր ընկերները օրը ցերեկով Թուրքիա են ուզում սարքել Թումանյանով ու Չարենցով ստեղծված Հայաստանը: Բայց չէ՞ որ շատ հայեր էլ դրանից կարող են վիրավորվել, որ Թուրքիայի հենց այն օրենքն են մեր երկրում վկայակոչում, որ շարունակում է ցեղասպանության գաղափարական հիմքը:

Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքին, բա ո~նց, կողմ են, բայց չեն էլ իմանում, որ էդ օրենքը լրացումն է ցանկացած տիպի բռնություն և ատելություն հրահրող խոսք, պատկեր, նշան դատապարտող հոդվածի, որի համաձայն` «գոմիկներին Բաքու» վանկարկող իրենց հակաերթականները դատարանի առաջ կկանգնեին: Աշխարհից արդարություն են ուզում, բայց էնպես, որ մեջ ուտեն, ղրաղ ման գան:

Իհարկե, Տիգրան Քոչարյանը Ծոմակի «մեղքը» մենակ նրա էդ խոսքը չի համարում, պարզվեց` Ծոմակը նաև խոչընդոտել էր նախաքննությանը, երբ իր փաբը վառողների մասին կարծիք էր ասել: Մեռնեմ օրենքին, բա որ էդպես սահմանադրական տղա ես, էդ ինչի՞ Շարմազանովին, Արծվիկ Մինասյանին ու մյուսներին չքննադատեցիր, որ դատարանի որոշումը չեղած` կարծիքներ հայտնեցին, էն էլ` ի~նչ կարծիքներ:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասեց. «Որպես քաղաքացի ողջունում եմ այդ երիտասարդներին»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գնահատեց. «Միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ»: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը արդարացրեց. «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»: Մյուսը` Արթուր Աղաբեկյանը ոչ ավել, ոչ պակաս` հպարտացավ. «Հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ»:

Եվ մի աղջկա` տուժող կողմի կարծիք հայտնելը մեղադրող և օրենքի համար դոշ տվող Փիղը ոչ միայն կես բառով չհիշեց նախաքննությանը չվնասելու փաստարկը, այլև Արծվիկ Մինասյանի ֆաշիստական խոսքից հետո հայտարարեց` «Ես էսօր դաշնակ եմ»: Բայց երբ դաշնակցության մի շարք լիդերներ քննադատեցին հրկիզումն ու Արծվիկ Մինասյանի խոսքը, դաշնակցականը մեռավ նրա մեջ:

Բայց Ծոմակի դեմ Տիգրան Քոչարյանի պայքարը նոր չի սկսվել. ինչպես ինքը պատմեց «Կենտրոն» ալիքի «Հայկական ուրբաթ» հաղորդման մեջ, հակաերթ կազմակերպելու խասիաթ վաղուց է ունեցել ու տարիներ առաջ նույն օպերատիվությամբ Փիղը առյուծների իր բանակն հավաքել ու գնացել է կարմիր խնձոր թաղելու կանանց երթին իր սահմանադրական ոչ-ն ասելու, որտեղ էլ Ծոմակը նրան մի քանի քաղցր խոսք է ասել, ու փիղը տակ է մնացել, փիղը մուկ է դառել, ծակը մտել` սպասելով վրեժ լուծելու հարմար առիթի: Երևի տղայի հոգին շատ խորն էր խոցվել դրանից, որ նա դա չի ներել մինչև հիմա: Եվ ինչպիսի բարեբախտություն, ինչ հարմար առիթ, որ երկու երնեկ մեկ անի, համ իշխանությանը քծնի, համ անձնական մուռը հանի Ծոմակից:

Իհարկե, Տիգրան Քոչարյանը միայն սեռական ու կուսական թեմաներով չի ակտիվանում, նա «հակաերթում» էր նաև օտարալեզու դպրոցների դեմ պայքարողներին, դե որովհետև որպես իսկական հայրենասեր Հայաստանը չի պատկերացնում առանց օտար դպրոցների: Ու հետաքրքիրն էն ա, որ ինչպես ուղտի պարը կամուրջի վրա ա միշտ բռնում, Փղի սահմանադրական իրավունքից օգտվելն էլ բռնում ա միայն էն ժամանակ, երբ ուրիշներն են իրենց նույն իրավունքն արտահայտում:

Բայց չկարծեք, որ նա էս ամեն ինչն անում է, քանի որ չի հանդուրժում ուրիշներին, չէ, հակառակը, իրե՛ն չեն հանդուրժում` չգիտես ինչի: Մի բան լսել ա հանդուրժողականության մասին, բայց չգիտի` էդ ինչ ա, ինչով են ուտում: Չգիտի, որ հանդուրժողականության են կոչում մեծամասնությանը, իշխող, դոմինանտ հայացքների, դիրքորոշումների ու մշակույթների ներկայացուցիչներին, որ չճնշեն, չհալածեն փոքրամասնություններին: Հանդուրժողականության նույն փղային պատկերացումներն ունեին թուրքերը, երբ ոչնչացնում էին հայերին, քանի որ սրանք չէին հանդուրժում իրենց իշխանությունը, բարեփոխումներ, իրավունքներ էին պահանջում: Կամ էդ ո՞վ ա տեսել, որ նորմալ երկրում ֆաշիզմը հանդուրժեն:

Բայց Ֆաշիզմ բառը իրենց հարիր չեն համարում ազգին հարիր-անհարիր որոշող փղականները. ի՞նչ կապ ունի ֆաշիզմը զարմանում են: Պարզվում ա, մենակ Թումանյան ու Խորենացի, հայ գրականություն չի, որից անտեղյակ են, այլ անտեղյակ են առհասարակ ամեն ինչից:

Չգիտեն, որ ֆաշիզմը, իշխանության գալով, սկսեց միասեռականների կոտորածը «Երկար դանակների գիշեր» պերճախոս անունով օրվանից, ու դա` քաղաքական ու գաղափարախոսական էն նույն հիմնավորումներով, որ անում են իրենք` հակաերթականները:

Չգիտեն, որ ֆաշիզմը մենակ Հիտլերի բեղերով չի որոշվում, այլ նաև հանուն «առողջ» ազգի` հե՛նց միասեռականների հանդեպ վերաբերմունքով: Եվ Ումբերտո Էկոն իր «Հավերժական ֆաշիզմ» էսսեում կետ առ կետ ներկայացնելով ֆաշիզմի հատկանիշները` բացատրում է նաև դա.

«Ուռ-ֆաշիզմը իր իշխանության ձգտումը փոխադրում է սեռական ոլորտ: Սրա վրա է հիմնված առնականության պաշտամունքը (այսինքն` քամահրանք կնոջ հանդեպ և անողոք հալածանք ցանկացած ոչկոնֆորմիստական սեռական սովորությունների դեմ` ողջախոհությունից մինչև միասեռականություն)»:

Էնպես որ, եթերում գյոզերով Մուսոլինի նաղդող ու ֆաշիզմի թաքնված գովազդ անողները չեն կարող ազատվել ֆաշիստի անունից, եթե անգամ փորձեն կատակի տալ ու որպես «կայֆավատ» ներկայացնել դա, քանի որ, ինչպես նույն էսսեում է գրում Էկոն.

«Ուռ-ֆաշիզմը առայժմ մեր շուրջն է, երբեմն այն քայլում է քաղաքացիական համազգեստով: Այնքան հարմար կլիներ մեզ բոլորիս, եթե մեկը դուրս գար համաշխարհային բեմ ու ասեր. «Երազում եմ վերաբացել Օսվենցիմը, ուզում եմ, որ սև շապիկները նորից քայլեն իտալական հրապարակների շքերթներում»: Ցավոք, կյանքում այդքան լավ չի լինում: Ուռ-ֆաշիզմը կարող է ներկայանալ ամենաանմեղ ձևերով ու կերպարանքով: Մեր պարտքն է բացահայտել նրա էությունն ու ցույց տալ նրա նոր ձևերը ամեն օր աշխարհի ցանկացած կետում»:

Վիոլետ Գրիգորյան

© Medialab.am