Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական․ Հովհաննիսյան

Ռազմաճակատի տարբեր հատվածներում տեղի է ունենում մարտեր, որոնք չեն դադարում։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։ Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում։ Երեկ նշեցի՝ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երեւում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական», -հայտարարեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս պայքարը հայ ազգի գոյության պայքարն է, և մինչև վերջ պետք է պայքարենք՝ մեր տունը, մեր տեսակը պահպանելու համար։