Քաղաքապետի խորհրդականի որդին երաշխավորությամբ ազատ է արձակվել

Քաղաքապետի խորհրդականի որդին երաշխավորությամբ ազատ է արձակվել
Քաղաքապետի խորհրդականի որդին երաշխավորությամբ ազատ է արձակվել

Հունիսի 6-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունում (Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում) հնչած կրակոցների գործովձերբակալված Սամվել Քոթանջյանը, որը Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է, ազատ է արձակվել երկու պատգամավորի անձնական երաշխավորությամբ: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում:
Ըստ լրատվամիջոցների` Սամվել Քոթանջյանի համար երաշխավորել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին` ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, և վերջերս ԱԺ պատգամավոր դարձած, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Սամվել Քոթանջյանը բաժին էր ներկայացել հունիսի 10-ին` ժամը 23:10-ին, և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ: Քաղաքացին ձերբակալվել էր, իսկ ատրճանակն ուղարկվել էր փորձաքննության: 
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան լրագրող Ժաննա Ալեքսանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում, մեկնաբանելով պատգամավորների երաշխավորությամբ ձերբակալված անձի ազատ արձակումը, նշեց, որ «ոստիկանությունն անգործության է մատնվել»:
«Ոստիկանությունը պարզապես անգործության է մատնված և պաշտպանում է մի խումբ մարդկանց շահերը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը` զուգահեռներ անցկացնելով դերասան Վարդան Պետրոսյանի դատավարության հետ: Լրագրողի խոսքով` վերջին դեպքում դերասանը շարունակում է կալանքի տակ պահվել այն պարագայում, երբ դատարանում ներկայացվել են անմեղության բազմաթիվ ապացույցներ:
 Civilnet.am