Հեռախոսային հարցման դեպքում ընտրանքի սխալը կարող է հասնել 20-22 տոկոսի. սոցիոլոգը՝ «Գելափի» հարցման մասին

Լուսանկարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը

– Այսօր հրապարակվել է «Գելափի» հարցման արդյունքները, ըստ որոնց՝ առաջատարը Քոչարյանի գլխավորած դաշինքն է՝ 28,7 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը 25,2 տոկոս է: Հանրության մոտ այս արդյունքների նկատմամբ վերաբերմունքը հակասական է, շատերն այն քաղաքական պատվեր են համարում: Ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով են այդ հարցումներն անցկացվում, և դուք ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքները:

– Եթե հարցումները հեռախոսային են, դրանք որպես այդպիսիք քաղաքական վարկանիշ հաշվարկելու համար չեն: Հեռախոսային հարցումների ժամանակ հարցնում են, որ հասկանան, թե, օրինակ՝ մարդիկ որ շամպունը կամ լվացքի փոշին են նախընտրում:

Հեռախոսային հարցումը, այն էլ բջջային հեռախոսին, անանունության սկզբունքը խախտում է, հետևաբար, մարդը միշտ մտածում է՝ ի՛նչ պատասխանի: Երկրորդ՝ բջջային հեռախոսներին զանգահարելով հարցումը թույլ չի տալիս հասկանալ, թե որ տարածք ես զանգահարում:

Այսինքն՝ դա ֆունդամենտալ հարցում չէ: Եթե դուք ուզում եք քաղաքական վարկանիշ հաշվել, հեռախոսային հարցման տարբերակն ընտրելը սխալ է որպես այդպիսին: Այդպիսի հարցումը ինչ-որ տվյալ կտա, բայց դուք պետք է նաև պարզեք՝ ում զանգեցիք, ով վերցրեց, կարող է կողքին մարդ կա, հարմար չի պատասխանելը:

Ասենք՝ կարող է ինձ զանգեք, հարցնեք՝ ում ես ընտրելու, ես էլ, հաշվի առնելով, թե ով է ինձ մոտ այդ պահին, որը գուցե անծանոթ է, մտածեմ, որ ավելի լավ է մի բան ասեմ, պրծնեմ:

Այսինքն՝ ավելի շատ էդ ներկաների համար պատասխանեմ, քան իմ իրական կարծիքն ասեմ: Դրա համար եմ ասում, որ հեռախոսային հարցումը խախտում է անանունության, կոնֆիդենցիալության սկզբունքները:

Նաև այն սկզբունքը, որ ինձ ոչ միշտ է հարմար պատասխանել, դա այն սկզբունքն է, որ ես անծանոթ համարից զանգողներին չեմ պատասխանում: Իսկ մտածե՞լ եք, որ նույն մարդը կարող է 4 հեռախոսահամար ունենալ, և եթե ես ուզենամ մանիպուլյացիա անել, տեսնելով, թե ովքեր են ձեզ նախընտրում, հաջորդ անգամ ձեր սիրտը շահելու համար հիմնականում այդ պատասխանները ներառեմ: 

– Այսինքն՝ անաչառության սկզբունքը չե՞նք կարող պահպանել հեռախոսային հարցումների ժամանակ: 

– Այդ դեպքում ընտրանքի սխալը շատ-շատ մեծ է, կարող է մինչև 20-22 տոկոս լինել: Ընդ որում՝ եթե խոսքը ընդամենը միտումի մասին է, այդ դեպքում սխալն այդքան չի երևում, բայց կոնկրետ վարկանիշների դեպքում ընտրանքի սխալը ահռելի մեծ կարող է լինել: Նման հարցումների ժամանակ մինչև 15 տոկոս շեղումները ոչինչ չեն նշանակում, այ էդ կարգի սխալներ են լինում:

– Ընդհանրապես, դուք ինչպե՞ս եք գնահատում ընտրություններից առաջ անցկացված հարցումները, որքանո՞վ մենք իրական պատկերն ունեցանք: 

– Միակ վստահելի հարցումը, որը ես կարող եմ համարել, ընդ որում՝ ոչ թե վարկանիշների, այլ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, եղել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրածը, որում միայն մեթոդաբանության նկարագրությունը երեք էջ է:

Այսինքն՝ կա մանրամասն հաշվետվություն, որից ես հասկանում եմ, որ ամեն մի հարցին, առավելևս՝ այն հարցերին, որոնք նուրբ են, շատ լուրջ են մոտեցել: Օրինակ՝ քաղաքական վարկանիշ չափելու դեպքում գրված է, որ այս հարցին պատասխանել է ընտրանքի այսինչ տոկոսը, որը կազմել է այսքան ձայն:

Օրինակ՝ 1060 հոգի է պատասխանել այդ հարցին, և եթե ես նայում եմ ներկայացված տվյալները, կարողանում եմ հասկանալ, որ այստեղ ընտրանքի սխալը մեծ է: Միակ ցուցիչը դա է: Դա շաուրմա խփել չի, ամեն մեկը չի կարող հարցում անել: 

Էլ չեմ ասում, որ մեկնաբանելը ևս դժվար է, այնպես չէ, որ թիվը ունես, կարող ես գրել, դա պետք է վերլուծել, մեկնաբանել: Բացի նրանից, որ իրենք մանիպուլացնում են հասարակությանը, նաև լրագրողին, որը դա օգտագործում է, նրան էլ են դարձնում խամաճիկ:

Եթե լրագրողը տպագրում է հարցման տվյալները և դրանց հիման վրա ինչ-որ լուրջ վերլուծություն է անում, բայց տակը բան չկա, ինձ համար դառնում է ոչ պրոֆեսիոնալ: Դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ կարող եմ մտածել, որ 10 հազար դրամ են տվել, ասել են՝ գրիր: 

– Դուք այս ընտրություններից առաջ որևէ վերլուծություն արե՞լ եք, թե մոտավորապես ինչ պատկեր ենք ունենալու հաջորդ խորհրդարանում, քաղաքական որ ուժերը ընդգրկված կլինեն:

– Հիմա ինչ-որ պատկեր կա մոտս, որը ցանկալիի և իրականի մեջտեղն է, ամեն դեպքում դժվար է հիմա բան ասելը: Որ երկու գլխավոր ուժերն անցնելու են, դա հաստատ է, մնացածի վերաբերյալ դժվար է բան ասելը:

Իրականությունն այնպիսին է, որ կախված մասնակցության թվից՝ տոկոսները կարող են էապես փոխվել: Իրականում անկանխատեսելի է, որովհետև մենք իրոք չգիտենք, թե ինչքան մարդ է մասնակցելու:

Կախված մասնակցությունից՝ կուսակցությունները, որոնք մտածում էին, որ անցնում են, ընդհանրապես չանցնեն, կուսակցությունները, որոնք մտածում էին, որ պայքարելու են երկրորդ տեղի համար, հազիվ-հազիվ շեմը հաղթահարեն:

Մանե Հարությունյան

MediaLab.am