Ընտանեկան բռնությունը երկրորդ կարծիքի բացակայությունն է

Ընտանեկան բռնությունը երկրորդ կարծիքի բացակայությունն է
Ընտանեկան բռնությունը երկրորդ կարծիքի բացակայությունն է

«Եթե Հանրապետականը «Ընտանեկան բռնության մասին» օրենքին դեմ է, ես կողմ եմ»,- ինչ-որ հրաշքով կասեր Իոսիֆ Բրոդսկին, որը լսելով, որ բանաստեղծ Եվտուշենկոն խոսել է կոլխոզների դեմ, ասել է՝ եթե Ժենյան դեմ է կոլխոզներին, ես կողմ եմ։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդիրներ է տեսել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի մեջ։

Ըստ նրա` դստերը գիշերով «Ֆրայդի նայթ» ակումբ չթողնելը բռնություն չէ։ Իսկապես բռնություն չէ։ Եթե գիտես` ի՛նչ ես անում։ Բայց գուցե ձեր աղջիկն էլ գիտի, թե ի՛նքն ինչ է անում։ Ընտանեկան բռնությունը ճիշտ լինելու անվերապահ համոզմունքն է՝ ուրեմն, լսի՛, աղջի՛, քեզ ինչ եմ ասում։ Հայաստանը խոր և համապարփակ ընտանեկան բռնության մեջ է։ Այստեղ մարդիկ իրավացիության զգացումից ուղղակի փայլում են։ Ընտանեկան բռնությունը երկրորդ կարծիքի բացակայությունն է։

Ծեծն արդեն վայրենություն է։ Հնազանդեցնելն առանց դիմացինի կամքը նկատի ունենալու` մեկ այլ վայրենություն է։ Բռնությունը գրոհն է առանց իրականության հետ հաշվի նստելու։ Իսկ իրականությունն այն է, որ դու՝ բռնացողդ, հենց այդ պատճառով իրավացի չես։

Պարոն Շարմազանովը չգիտի, որ բռնությունը նախ լինում է հոգեբանական։ Հոգեբանական բռնությունը, եթե հանդիպում է դիմացինի փաստարկներին, անխուսափելիորեն վերածվում է վայրենության։ Որովհետև վայրենության սաղմն արդեն հոգեբանական բռնության մեջ է։ Քիչ չեն հայրերը, որոնք իրենց անվերապահ ճիշտ են համարում դուստրերի հանդեպ։

Քիչ չեն ամուսինները, որոնք մինչև կնոջ ձեռքը խնդրելը, արդեն վստահ են, որ նրան ծեծելը լինելու է իրերի դրության մաս։ Օրենքը պետք է մարդուն պաշտպանի ուրիշի անսխալականությունից։ Հենց դրա համար էլ այն օրենք է, որը հավասարակշռում է անվերապահ անսխալականությունն ու դիմացինի անզորությունը իր փաստերը շարադրելու։

Իսկ այն, որ աղջիկն իրավունք չունի գիշերվա հազարին «Ֆրայդի նայթ» ակումբ մտնելու, նորմալ է, երկուսդ էլ ուղեղ ունեք, կունենաք ձեր երկաթյա փաստարկները, և, ի վերջո, կհաղթի ավելի երկաթյա փաստարկը։

Հայաստանում այդպես չէ, ցանկացած երկաթյա փաստարկի դեմ կա Հանրապետականը։ Ու պարոն Շարմազանովը գիտի, որ ընտանիքում հաղթում է հանրապետականը, նույնիսկ եթե ոչ ոք կուսակցական չէ, և ավելին՝ հակահանրապետական են բոլորը։ Անվերապահ իրավացիությունը հիվանդություն է. բայց քանի դեռ այն արձանագրված չէ որպես հիվանդություն, ընդունում են օրենք, որը կաշխատի բժիշկների փոխարեն։

Իսկ ի՞նչ է օրենքը։ Օրենքը պետության դիմադրողականության գործիքն է։ Պետությունը չի կարող ճիշտ կամ սխալ լինել։ Այն կարող է լինել օրինական։ Որովհետև ճիշտ կամ սխալ են բոլորը։ Օրենքը երկաթյա փոխզիջումն է առանց կողմերից մեկի կարծիքը հարցնելու։

Դե հիմա պատկերացնենք, որ Էդուարդ Շարմազանովի տանը բոլորն իրավացի են, ու ոչ մեկը չի նահանջում։ Աղջիկն ուզում է գիշերային ակումբից տուն չգալ, հայրն ուզում է, որ նա ընդհանրապես այնտեղ ոտք չդնի, մայրն ասում է՝ երկուսդ էլ սխալ եք, իսկ, ասենք, մյուսը՝ փոքր դուստրն ասում է՝ էդպես լավ չէ, քրոջս գլուխը ջարդեք։

Չափահաս դուստրը ի՞նչ պետք է անի, երբ օրենք չկա։ Պետք է մտածի, որ իր գիշերային աշխույժ կյանքը գին ունի՝ հոր կատաղած դեմքն ու հետին թվով հոգեկան բռնությունը՝ աղջի՛, ու՞մ էի ասում` տո՛ւն արի։ Գուցե հետո` ծեծ, գուցե պատժիչ մեխանիզմներ` մեկ ամիս ոտքը տնից դուրս չդնելու։ Այսինքն` չափահաս աղջիկը պատժվում է մի արարքի համար, ում հայրն այլ մեղք չի կարող ցույց տալ, բացի այն, որ նա գնացել է գիշերային ակումբ։

Բայց ինքն իր կյանքն է տնօրինում։ Եթե դստերը փորձանք է սպասում, և նա համառորեն չի ենթարկվում զգուշացմանը, դուստրը պետք է պատրաստ լինի դրա համար պատասխան տալու իր սխալով։ Համառությունն անհատական երևույթ է։ Անհատական է նաև իրավացիությունը։ Ու սրանց վերևում օրենքն է։ Որպես հարաբերությունները բալանսավորող տառակերպ հրեշտակ։

Մհեր Արշակյան

MediaLab.am