Նիդեռլանդները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում

Ֆրանսիայից և Գերմանիայից հետո Նիդեռլանդներում ևս իշխող և ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» անվամբ հայտնի գաղափարապաշտական օջախների գործունեությունը Եվրոպական միության ողջ տարածքում, ինչպես նաև պահանջում են պատժամիջոցներ կիրառել կազմակերպության դեմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով GazeteDuvar լրատվական կայքը, պատրաստված միջնորդության մեջ պաշտպանվում է այն թեզը, որ «Գորշ գայլեր» շարժումը «պատճառ է դարձել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս գալուն»: Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ առաջարկով խորհրդարանի օրակարգ եկած և առաջին հավանությունը ստացած միջնորդությունը կրկին քվեարկության կդրվի կառավարության կողմից քննարկվելուց հետո: Նիդեռլանդներում կոալիցիոն կառավարության երեք կուսակցությունների և ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (SP)  կողմից համատեղ ներկայացված միջնորդությունն ընդունվել է 150 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատում՝ 147 պատգամավորների քվեարկությամբ: