ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմում

Գագիկ Ծառուկյան

2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ. 18։27-ին, Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։

Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։

Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09։49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։

Դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով։

Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։