«Պատերազմը և պարտությունը հետևանք էին պետական կառավարման ամբողջ համակարգի ապազգային և ապիկար գործունեության»․ Ժիրայր Սեֆիլյան

Ազգային ժողովրդական բևեռի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը գրել է․

«Ցավով արձանագրում ենք, որ հաճախ բանակին են վերագրվում գրեթե բոլոր մեղքերը։

Պատերազմը և պարտությունը հետևանք էին պետական կառավարման ամբողջ համակարգի ապազգային և ապիկար գործունեության։

Բանակը, որքան էլ այդ համակարգի մաս է և հեռու չէ նրա արատներից, իր մարմնով զսպեց թշնամուն և փրկեց մեզ աղետից։

Զինվորներ, սպաներ և գեներալներ արիաբար կռվեցին ու նաև նահատակվեցին հանուն բոլորիս ազատության և արժանապատվության։

Մյուս պետական ինստիտուտների որակն ու ներդրումը նույնիսկ չի կարող համեմատելի լինել։

Ներկայումս պատերազմի սպառնալիքը շատ մեծ է և, թեպետ ծանր վիրավոր, դարձյալ բանակն է մնացել որպես պետականության պահպանման ու բոլորիս ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիք։

Իմ զորակցությունն եմ հայտնում Հայկական բանակին, նրա զինվորին ու հրամանատարին։

Բոլոր սրտացավ և ողջամիտ հայրենակիցներիս խնդրում և հորդորում եմ աչքի առաջ ունենալ մեզ սպառնացող հավանական աղետը և ոչ մի պարագայում չթիրախավորել բանակին, այլ ամեն կերպով, այդ թվում՝ առողջ քննադատությամբ և առաջարկներով, աջակցել նրան։

Հայկական բանակն է, որ հիմք և առանցք կարող է դառնալ իրապես ինքնիշխան և ազգային պետության։

Պահպանե՛նք և հզորացնե՛նք Հայկական բանակը»։