«Հարցազրույցում իմ կողմից ակտիվիստների հասցեին հնչեցրած մեղադրանքներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»․ Արթուր Իսպիրյան

Երևանի ավագանու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը «Ֆիրդուս» թաղամասի համար պայքարած ակտիվիստների հասցեին ամիսներ առաջ հնչեցրած իր հայտարարությունն անհիմն է համարում՝ նշելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։

Իսպիրյանը «Մեդիալաբին» տված հարցազրույցում անդրադարձել էր «Ֆիրդուս» թաղամասի կառուցապատման խնդիրներին։

Հարցազրույցի հրապարակումից հետո ակտիվիստ Արման Ղարիբյանը, ով մասնակցել էր Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային, դատական հայց է ներկայացրել Արթուր Իսպիրյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին արված զրպարտող տեղեկությունները։ Արման Ղարիբյանը համաձայնել է հրաժարվել դատական հայցից, պայմանով, որ Արթուր Իսպիրյանի հերքումը հրապարակվի այս հրապարակման ներքո։

Արթուր Իսպիրյանը «Մեդիալաբ»-ին է փոխանցել հետևյալը․ «Ես՝ Արթուր Իսպիրյանս, հաստատում եմ, որ տվյալ հարցազրույցում իմ կողմից ակտիվիստների հասցեին հնչեցրած մեղադրանքները անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։ Ես իրականում լավ տեղեկացված չեմ եղել, թե ովքեր են բողոքի ակցիա նախաձեռնել Երևանի քաղաքապետարանի դիմաց, և այն, ինչ ասել եմ, չի կարող վերաբերել ո՛չ Արման Ղարիբյանին, ո՛չ նրա պայքարակից ընկերներին։ Ներողություն եմ խնդրում այս թյուրիմացության համար»։