Պաշտպանության նախարարը լսել է անհետ կորած զինծառայողների հարազատներին, պարզաբանումներ տվել նրանց մտահոգությունների կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ: 

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհայտ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին և տեղեկացրել, որ այդ ուղղությամբ ծավալվող աշխատանքների ծավալներն ավելացել են: Նաև հայտնել է, որ Արցախում ընթացող որոնողական աշխատանքները համակարգում է ՊՆ ներկայացուցիչը և նշել, որ զինծառայողների հարազատներին կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ: