Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ

 Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե պաշտպանությնա նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:

«Պաշտպանության նախարարը, բնականաբար, որևէ գաղտնի փաստաթուղթ չէր կարող և չի ստորագրել: Առավել ևս, պաշտպանության նախարարն ի պաշտոնե չէր կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատմանը: Ընդամենը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր ռուս գործընկերների հետ պայմանավորվել է, որ Սյունիքի սահմանների որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղակայվեն նաև ռուս սահմանապահներ»,- ասացին Պաշտպանության նախարարությունից: